Երեւանի կենտրոնական փողոցները 100%-ով սպառել են թողունակությունը: Այս մասին փետրվարի 2-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ ներկայացնելով Քաղաքային կայուն զարգացման երկրորդ վարկավորման ծրագիրը (Sustainable Urban Development Investment Program 2): Ծրագրի արժեքը 112 մլն 960 հազար դոլար է:
Այդ պատճառով, ըստ նրա, Երեւանին շրջանցիկ ճանապարհ է անհրաժեշտ, որը կթեթեւացներ քաղաքի կենտրոնում երթեւեկությունը:
Երեւանի հիմնական փողոցների ցանցը շուրջ 240 կմ է, որից կենտրոնում՝ 40-45 կմ: Արեյանի խոսքով, դրանց բեռնաթափումն առաջնային կարեւորության խնդիր է:
Փոխքաղաքապետը նշեց, որ նոր ճանապարհը հիմնականում անցնելու է ամայի հողատարածքներով. Արգավանդ գյուղից դեպի հյուսիս՝ Արտաշատի մայրուղի, ինչպես նաեւ մայրուղուց դեպի Դավիթաշեն վարչական շրջան գրունտային ճանապարհ կլինի: «Նախկինում այնտեղ ընդհանրապես ճանապարհ չկար»,- հայտարարեց Կամո Արեյանը:
Նախնական գնահատականներով, ճանապարհի շինարարության գոտում շուրջ 220 միավոր օրինական սեփականություն կա, եւս 300-ն էլ՝ չգրանցված, սակայն երկուսն էլ ենթակա են փոխհատուցման: