Երեւանի «Շտապօգնության» կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնություն գործադրած տղամարդը անօթեւան է, եղել է ոչ սթափ վիճակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Շտապօգնության» կենտրոնական ենթակայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ մոտ 40 տարեկան տղամարդը ներխուժել է ենթակայան այնտեղ գիշերելու մտադրությամբ, բուժաշխատողները փորձել են բացատրել տղամարդուն, որ ենթակայանը հիվանդանոց չէ, այնտեղ մնալ հնարավոր չէ, իսկ իրեն հիվանդանոց տեղափոխել չեն կարող, քանի որ առողջական խնդիրներ չունի: Այնուհետեւ տղամարդը վեճ է հրահրել, որի ժամանակ «Շտապօգնության» հոգեբուժական բրիգադի սանիտար 53-ամյա Վաղարշակ Սահակյանը ընկել եւ ոտքի կոտրվածք է ստացել:
«Ոչ սթափ վիճակում գիշերվա ժամը 1-ին ներխուժել է ենթակայան, սկզբից որոշել է, որ այնտեղ պետք է քնի, հետո սկսել է աշխատակիցներին քաշքշել, այդ ընթացքում էլ սանիտարը պատահմամբ ընկել է եւ ոտքը կոտրել»,-ասաց «Շտապօգնության» կենտրոնական ենթակայանի տնօրենը:
Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ ոտքի կոտրվածք ստացած սանիտարը վիրահատվել է, այժմ նրա վիճակը կայուն է:
Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է Երեւանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսեւորման փաստը:
Անօթեւանի հարձակումից տուժած սանիտար Վաղարշակ Սահակյանի բուժօգնությունը, նախարարի հանձնարարությամբ, կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում:
Արզուման անունով անօթեւան տղամարդը բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մանրամասները պարզվում են:



























