News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել ու հնարավոր է՝ շուտով քանդվի Երեւանում պահպանված ամենահին գինու մառաններից մեկը: Մառանը գտնվում է Կիլիկյաններին պատկանող՝ Պուշկին 4/5 հասցեի տան նկուղում:

«Երբ Կիլիկյանները տունը գնել են՝ 1890թ., մառանն արդեն եղել է: Այդտեղ գինի են սարքել: Շենքի տակ շերտով տուֆ է եղել, տուֆի մեջ թաղել են երեք կուժ: Ավանակներով բերել են խաղողը, պատուհանից լցրել են խողովակի մեջ, դրանից էլ լցվել է կուժերի մեջ ու խաղողը կամաց-կամաց գինի է դարձել»,- NEWS.am-ին պատմեց տան սեփականատիրոջ փեսան՝ Կարեն Գրիգորյանը:

Կարեն Գրիգորյանը պատմեց, որ 1940-ականներին մառանում տագնապային ազդանշան է դրված եղել` համընդհանուր վտանգի դեպքում տագնապ հայտարարելու համար։ «Ազդանշանը դրված է եղել մառանում, հենց որ անհրաժեշտություն է եղել, ամբողջ քաղաքին ազդանշան են տվել։ Վերջերս հրշեջները եկան, տարան: Որ թանգարանին դիմեցինք, չվերցրին»:

Կարեն Գրիգորյանի խոսքով՝ Կիլիկյանների տան երկրորդ հարկում նաեւ Երեւանի առաջին ատամնաբուժարանն է եղել:

«Աներս պատմում է, որ այն ժամանակ տունը մեկ հարկանի է եղել, ինքն առաջարկել է, որ երկրորդ հարկ ավելացվի տանը եւ ատամնաբուժարան կառուցվի: Մինչեւ վերջերս մարդիկ կան, որ արտերկրում են, Հայաստան գալիս, անմիջապես գալիս են, որ տեսնեն ատամնաբուժարանի շենքը»,- պատմեց Կարեն Գրիգորյանը:

Կիլիկյանների տունը Խորհրդային Միության տարիներին պետության կողմից պահպանվող շինություն է եղել, ինչի մասին վկայող ցուցատախտակը մինչեւ այժմ ամրացված է շենքի պատին: Կառավարության որոշմամբ` Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակ եռանկյունին ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ՝ այդ թվում` այս շենքը: Կիլիկյանների ընտանիքի անդամների համար անհասկանալի է կառավարության նման որոշումը:

«Սովետական տարիներին եկել, ուսումնասիրել են, որ տունը կառուցված է տուֆի վրա: Թղթեր կան, թե ինչու է պահպանվում շենքը: Մեր պետությունը չգիտես ինչու՝ որոշել է, որ շենքն արդեն արժեք չի ներկայացնում, որոշել ա, որ պետք է քանդվի ու կառուցվի նոր տուն»,- ասաց Կարեն Գրիգորյանը:

Կարեն Գրիգորյանը նշեց, որ շենքը չքանդելու համար պայքարելն անօգուտ են համարում, քանի որ հույս չունեն, թե հաջողության կհասնեն: Փոխարենը նրանք դատական հայց են ներկայացրել տարածքը ձեռք բերած «Լոկալ Դեվելոփերս» ընկերության դեմ՝ պահանջով, որ ընկերությունն ավելացնի այդ տարածքի դիմաց տրվող փոխհատուցման գումարը:

«Պետությունը պատմական արժեք ունեցող շենքը ճանաչել է որպես փլատակներ ու փոխհատուցում է տալիս, որը մի քանի անգամ քիչ է այս տարածքի իրական արժեքից»,- ասաց Կարեն Գրիգորյանը:

Նշենք, որ, ըստ քաղաքապետարանի, «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առայժմ չի ներկայացրել տարածքի կառուցապատման հետ կապված որեւէ նախագիծ: Նույն ընկերությունը կառուսապատում է  նաեւ այն տարածքը, որտեղ գտնվում է «Դոլմամա» ռեստորանը: Ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը պատրաստ է պայքարել, որ ոչ միայն իր սեփականությունը, այլեւ տարածքում գտնվող մյուս 4 շինությունները չքանդվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ