News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

65 հազար կմ եւ 38 աֆրիկյան երկիր էր իր հետեւում թողել բրիտանացի Բեն Սաութհոլլը, երբ 2009թ. դարձավ «Աշխարհի լավագույն աշխատանք» մրցույթի հաղթողը։ Tourism Queensland ընկերության կազմակերպած միջոցառմանը մասնակցում էր 35 հազար մարդ, եւ միայն Բենը կարողացավ ապացուցել, որ հենց ինքն է արժանի այդ աշխատանքին (ֆոտոռեպորտաժ)։

Բրիտանացին կես տարով դարձավ Համիլթոն կղզու հսկիչը։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում կերակրել կրիաներին, զբոսաշրջիկների համար գեղեցիկ վայրեր գտնել, բլոգ վարել, տեղադրել լուսանկարներ եւ տեսանյութեր։

Նախագծի ավարտից հետո Բենը շարունակեց հետեւել արկածներ որոնող սրտի կանչին։ 2011 թ. նա Մեծ բարիերային խութի երկայնքով կտրեց-անցավ 1600 կմ, իսկ 2013թ. ապրիլին  Aussie 8 էքսպեդիցիայի ընթացքում Բենը համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ 8 օրում Ավստրալիայի 8 նահանգներում բարձրանալով յուրաքանչյուր  նահանգի ամենաբարձր լեռը։

New Zealand 9 արշավախմբում Սաութհոլլը եւ  նրա ընկերներ Լյուք Էդվարդսն ու Փեթ Քինսելլան նորից ռեկորդ սահմանեցին։ Ամեն օր նրանք միջինում 60 կմ էին անցնում։

Այսօր 41-ամյա Բենը իր կնոջ՝ Սոֆյայի հետ Լենդ Ռովերով ճանապարհորդում է Սինգապուրից Լոնդոն։

NEWS.am-ի հետ զրույցում Բենը պատմել է Համիլթոն կղզում անցկացրած ժամանակի, ճանապարհորդությունների ընթացքում կուտակած փորձի եւ այն մասին, թե ինչն է մարդկանց իրական երջանկության զգացում տալիս։

Բե՛ն, կղզում հաստատվելուց ի վեր ի՞նչ է փոխվել ձեր կյանքում։

Համիլթոն կղզում իմ կյանքը անհավատալիորեն հետաքրքիր էր, սակայն դրա հետ մեկտեղ արհեստական բնույթ էր կրում։

«Աշխարհի լավագույն աշխատանք» մրցույթը գովազդային արշավ էր, որի նպատակը Բարիերային Մեծ խութի կղզիների եւ Քվինսլենդի նկատմամբ միջազգային հետաքրքրություն առաջ բերելն էր։ Իմ դերակատարումը դրանց աշխարհագրական դիրքն ու գեղեցկությունը գովազդելն էր։

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ապրելը հետաքրքիր փորձ էր։ Դրանից հետո իմ առջեւ շատ դռներ են բացվել, եւ ես նորից կարողացել եմ վերադառնալ սիրելի գործիս՝ ճանապարհորդությանը, եւ իմ օնլյան լսարանին պատմել օտար երկրների եւ մշակույթի մասին։ Բարիերային Մեծ խութի նման յուրահատուկ տարածքն ուսումնասիրելու համար տրված այդ 6 ամիսները բացեցին իմ աչքերը ստորջրյա աշխարհի գեղեցկության եւ փխրունության առջեւ։

Դրանից հետո ես սկսեցի ավելի շատ գիտակցել իմ արարքները եւ ջանում եմ օգտագործել իմ ձայնը, լսարանի հետ խոսել այն մասին, թե ինչպես նրանք կարող են ազդել կառավարությունների եւ ընկերությունների որոշումների վրա Բարիերային Մեծ խութը պաշտպանելու համար։

Դուք բախվե՞լ եք դժվարությունների։ Նկարագրե՛ք ձեր կղզիական կյանքը։

Համիլթոն կղզին անմարդաբնակ կղզի չէ, ինչպես կարծում էին մարդիկ մրցույթի մասնակցության հայտեր ներկայացնելիս։ Դա միջազգային հանգստավայր է տարբեր հարմարավետություններով՝ գոլֆի եւ զբոսանավային ակումբով, որի անդամների թիվը գերազանցում է 2000-ը։ Մի խոսքով՝ կղզին շատ է տարբերվում այն կղզուց, որտեղ հայտնվել էր Ռոբինզկոն Կրուզուն։

Ես ունեի գոլֆի մեքենա, շքեղ երեքսենյականոց վիլլա, ուղղաթիռ եւ զբոսանավ, որպեսզի մի կղզուց հասնեի մյուսը։ Իմ կյանքը բավականին ֆանտաստիկ էր։

Դուք կցանկանայի՞ք սեփական կղզին ունենալ։

Ես կցանկանայի սեփական կղզին ունենալ, բայց դժվար թե այնպիսի մեծ, ինչպիսին Համիլթոնը։ Իմ իդեալական ժայռակտորը շատ ավելի փոքր կլիներ, կունենար ոչ ավելի, քան 1 կմ տարածք, այնպես որ այն հեշտ կլիներ խնամել։ Այնտեղ դեպի ծով նայող հարմարավետ շքեղ տնակ կլինի, սնորքլինգի եւ դայվինգի հնարավորություն, քանի որ ես սիրում եմ ամեն բան, ինչ կապված է ջրի հետ։

Մարդկանց մեծ մասը երազում է ճանապարհորդության մասին։ Միաժամանակ նրանցից շատերն ուղղակի վախենում են դրանից։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ճանապարհորդությունից ունեցած վախը։

Կարծում եմ, որ պետք է մշտապես ձգտել ընդլայնել սեփական սահմանները։ Դա այն է, ինչ ես շարունակում եմ անել նաեւ այսօր, ինչի մասին խոսում է ցամաքով ձեռնարկած իմ արկածային ճանապարհորդությունը։

15 տարի առաջ ես առաջին անգամ մեկնեցի Հարավային Աֆրիկա։ Այդ ճանապարհորդությունը իմ հոգեկան աշխարհի համար իրական մարտահրավեր էր։ Դրանից հետո ես սիրեցի այդ վայրը, ապրեցի այնտեղ 6 տարի եւ եղա այնպիսի վտանգավոր երկրներում, ինչպիսիք են Նիգերիան եւ Կոնգոն։

Ես կարծում եմ, որ վախը հաղթահարելու համար մարդ պետք է ճանապարհորդի ընկերների կամ ընտանիքի հետ, նրանց հետ, ում կողքին իրեն հարմարավետ է զգում, եւ փոքր քայլեր կատարի, հրաժարվի ամեն բան միանգամից փորձելու գաղափարից։

Դուք ժամանակին Ձեր բոլգում գրել էիք, որ ճանապարհորդությունը Ձեզ սովորեցրել է, որ պարտադիր չէ հարուստ լինել, որպեսզի իրոք երջանիկ լինես։ Ասացեք, ի՞նչ է Ձեզ համար նշանակում փողը։ Ինչպե՞ս եք որոշում, որ փողը «բավական է»։

Փողն ինձ համար երբեք շարժիչ ուժ չի եղել՝ ոչ աշխատանք փնտրելիս, ոչ կյանքի ճանապարհին։ Ես ձգտում եմ վառ տպավորությունների, ծանոթանում եմ ոգեւորող մարդկանց եւ ինքս իմ հետ մրցելու հնարավորության հետ, որպեսզի մահանալիս չզղջամ մի բանի համար, որը չեմ արել։ Իհարկե երբ դու կյանքիդ հիմքում դնում ես ճանապարհորդությունը, քեզ եկամուտ է պետք։ Եվ կայուն եկամուտի հարցը երեւի թե ամենաբարդն է։

Իմ դեպքում ես օգտագործում եմ ճանապարհորդությունների ընթացքում հավաքած փորձը եւ գիտելիքը՝ հասարակական ելույթներ, գրքեր գրելու եւ կինոընկերությունների զարգացման համար, որոնց հիմնական ուղղությունը զբոսաշրջությունն է։ Այդ ամենը ինձ եկամուտ է բերում, որը ես ստանում եմ սիրելի գործով զբաղվելով։

Ինձ համար բավարար գումարն այնքան է, որքան ինձ կբավականացնի հաջորդ ճանապարհորդության դիմաց վճարելու համար։

Դուք շրջել եք տարբեր երկրներով։ Որտեղ՞ եք Ձեզ տանը զգում։ Կա՞ ինչ-որ բան, որի հետ Դուք հատկապես կապված եք։

Կարծում եմ, որ Մեծ Բրիտանիայում ես միշտ տանն եմ լինելու։ Այնտեղ են անցել իմ երիտասարդության տարիները, եւ ես միշտ հարմարավետ եմ զգում, հենց հայտնվում եմ այնտեղ։ Ավելի ուշ ես ապրել եմ Հարավային Աֆրիկայում իսկ հիմա Ավստրալիայում, հարազատ են ինձ դարձել այդ երկրները եւ սիրահարվել եմ հարավային կիսագնդի կենսակերպին։

Այս ճանապարհորդությունից հետո մենք կվերադառնանք Ավստրալիա, բայց ինձ թվում է, որ այդ ողջ ճանապարհորդության ընթացքում տան մի  մասը միշտ ինձ հետ է։ Խոսքը 1986թ. արտադրության  Լենդ Ռովերի մասին է։ Ես այն կոչում եմ Colonel Mustard։

Այդ մեքենան ամենակարեւոր բանն է, ինչ ես ունեմ։ Վերջին 11 տարվա ընթացքում ես նրանով շրջել եմ ողջ Աֆրիկան եւ հիմա հաղթահարում եմ Սինգապուրից ԼՈնդոն ընկած 100 հազար կմ հեռավորությունը, այդ պատճառով Լենդ Ռովերը հատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում։

Դուք պլանավորում եք ընդմի՞շտ մնալ Ավստրալիայում։ Եթե ոչ, ապա որտե՞ղ պատկերացնում Ձեր ապագա բնակության վայրը։

Ես կարծում եմ, որ որտեղ էլ ես ու Սոֆյան որոշենք հաստատվել, դա կլինի հարավային կիսագունդը։ Ես սիրում եմ այստեղի կլիման եւ կենսակերպը։

Ավստրալիան իդեալական տեղ կլիներ ընտանիքով ապրելու համար, սակայն շատ հարցերում այն հետ է մնացել աշխարհից։

Դուք մի անգամ ասել եք, որ Սինգապուրից Լոնդոն Ձեր ճանապարհորդության ընթացքում Ձեր կնոջ գետ փորձելու եք գտնել այն հարցի պատասխանը, թե ինչն է մարդուն երջանիկ դարձնում՝ ընտանիքը, ընկերները, փողը թե տունը։ Դուք գտե՞լ եք Ձեր հարցի պատասխանը։

Ուր էլ որ մենք գնանք, միշտ հայտնվում է ընտանիքի թեման։ Որոշ մարդիկ շատ քիչ են այն տեսնում, ոմանք՝ ավելի շատ։ Հիմնական տպավորությունն այն էր, որ ընտանիքի հետ ֆիզիկական եւ հուզական մերձեցումը ամենամեծ երջանկության զգացումն է տալիս։

Ինչու՞ Ձեր երթուղում չեք ներառել Հայաստանը։ Ի՞նչ գիտեք Դուք Հայաստանի մասին։

Ըստ մեր պլանների՝ մեր դեպի Լոնդոն վերադարձի ճանապարհը պետք է անցներ Հայաստանով, Բալթյան երկրներով եւ Արեւելյան Եվրոպայով։ Սակայն ինչպես լինում է երկարաժամկետ ճանապարհորդությունների դեպքում, ամեն ինչ չէ, որ դասավորվում է ըստ պլանի։

Ինձ Իրանի վիզա չտվեցին։ Դա նշանակում էր, որ ես պետք է լրացուցիչ 6500 կմ անցնեի։ ԱՅդ պահին մենք արդեն  մեկ ամիս մեր գրաֆիկից հետ էինք մնում, եւ այդ տարբերակը մեզ հարմար չէր։ Սակայն մենք իհարկե մի անգամ կվերադառնանք այն երկրներ եւ քաղաքներ, որոնք ստիպված ենք եղել բաց թողնել։

Ինչ վերաբերում է Հայաստանի մասին իմ գիտելիքներին, ապա ես գիտեմ, որ ծաղկում է գինեգործությունը եւ այն, որ դուք պաշտում եք Արարատ լեռը, ինչպես նաեւ այն, որ Ձեզ մոտ շատ արագիլներ կան։

Սինգապուրից Լոնդոն

Մենք Երկիր մոլորակի վրա մեկ շանս ունենք։ Փողոց դուրս եկեք, ուսումնասիրեք այն, այսպես էիք գրել Դուք ձեր բոլգում։ Իսկ հարցս այսպիսին է. ինչպիսի՞ն էր մահվան հետ Ձեր հանդիպման փորձը։ Ի՞նչ եք դուք զգում մահվան մասին մտածելիս։

Ճանապարհորդության մեկնելուց առաջ իմ երկու ընկերների մահը շատ է ազդել ինձ վրա։  Ես նրանցից մեկին կորցրել եմ դայվինգի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով, իսկ մյուսին՝ Ասիայում ցունամիի ժամանակ։ Այդ պատմություններն ինձ հասկացնել տվեցին, որ կյանքը կարող է ընդհատվել՝ դեռ չսկսված։

Այդ միտքը դարձավ այն կատալիզատորը, որը ինձ դրդեց անիրականանալի երազանքները իրականություն դարձնել։ Եվ հիմա իմ կյանքը, աշխատանքը եւ հոբին ամեն բան պտտվում է ճանապարհորդությունների, արկածների եւ օվկիանոսի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ