News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում փետրվարի 3–ի ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգությունը գյուղի երկու ընտանիքների միջեւ մոտ 20 տարվա  թշնամության հետեւանք է եղել։ Այս մասին NEWS.am–ին պատմեցին համագյուղացիները։

«Քանի տարի ա` շարունակվում ա էս պատմությունը։ Էս խմորը դեռ շատ ջուր կքաշի։ Անընդհատ հիշում են հին պատմությունը, կռիվ սարքում, հետո մոռանում են։ Էս անգամ էլ կհաշտվեին, եթե սպանություն չլիներ»,– պատմեց հարեւաններից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։

Նրա խոսքով` ոչ ոք հստակ չգիտի` ինչից է սկսվել թշնամությունը Խամոյանների եւ Ղազարյանների միջեւ։

«Մեկը ասում ա` աղջկա բազար ա եղել, մյուսն էլ ասում ա` փողոցով անցնելուց Ղազարյաններից մեկը վրաները ջուր է լցրել։ Բայց արդեն քանի տարի ա` էս թշնամանքը կա»,– պատմեց հարեւանը։

Լարվածությունը մեծացել է երկու տարի առաջ, երբ այրվել է Խամոյանների խոտի դեզը։ Նրանք կասկածել են, որ դա Ղազարյանների ձեռքի գործն է, վիճաբանություն է եղել, որը հետո հարթվել է, մեկ տարի առաջ Խամոյանների դեզը կրկին վառվել է, սակայն նրանք հասցրել էին մինչեւ այդ տեսախցիկ տեղադրել, որով, ըստ նրանց, տեսել են, որ Ղազարյաններն են հրդեհել այն։

 Գյուղացիների խոսքով` Արտյոմ Խամոյանը եղբոր` Արման Խամոյանի եւ ընկերոջ հոր` Վարդգես Գալստյանի հետ փետրվարի 3–ին ալկոհոլի ազդեցության տակ հիշելով վաղեմի թշնամանքը, գնացել է Ղազարյանների տուն։

35–ամյա Սեդրակ Ղազարյանը զանգահարել է ընկերներին, կանչել օգնության, վիճաբանության ժամանակ Ղազարյանը իր մոտ հրացանով կրակել է, ինչի հետեւանքով Արտյոմ Խամոյանը եւ Վարդգես Գալստյանը ստացած վնասվածքներից մահացել են, Արման Խամոյանը վիրավոր է։

Գյուղացիների խոսքով` դեպքից հետո վիճաբանությանը մասնակցած` Սեդրակ Ղազարյանի ընկերները փախուստի են դիմել, իսկ սպանվածների հարազատները վրիժառութամբ լցված այրել են վիճաբանության մասնակիցներին պատկանող երեք ավտոմեքենաները, մեկի հացի փուռը, մյուսի խոտի դեզը։

Գյուղում բոլորը ահաբեկված են, սպանվածների հարազատները վնասել են նաեւ վեճի հետ կապ չունեցող համագյուղացիների մեքենաները, սպառնացել են վրեժ լուծել։

«Հենց դիակները բերեն, թաղումն անեն, նորից սոդոմ–գոմոր է սկսվելու։ Խամոյանները ոխակալ են։ Մի քանի տարի առաջ Արտյոմի հորեղբոր տղուն հոր աչքի առաջ դանակով խփել էր իրանց հարեւանի մտավոր խնդիրներ ունեցող տղան, էդ ընտանիքին էն օրը գցեցին, տունը վառեցին, դրանք թողեցին գնացին Ռուսաստան»,– ասաց գյուղացիներից մեկը։

Նշենք, որ ողբերգության շարունակությունը կանխելու նպատակով գիշերվանից Արագածավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժերը։ Գյուղ մտնող բոլոր մեքենաները ստուգվում են։

Սպանության մեջ կասկածվող Սեդրակ Ղազարյանը ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ