News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թուրքիան փորձել է Վատիկանի հետ հարաբերություններում հիստերիկ վիճակից անցնել բնականոն վիճակի եւ իր համար առիթ է հորինել՝ դեսպանին ետ ուղարկելու։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով կաթոլիկ եկեղեցու տարածած հաղորդագրությունը եւ դրան հաջորդած թուրքական արձագանքը։

Նշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանյու Բիլգիչը հայտարարել է, թե 9 ամիս տեւած դադարից հետո Թուրքիայի դեսպան Մեհմեդ Պաչաջըն վերադառնում է Վատիկան։ Թուրքիայի ԱԳՆ-ն դրա համար առիթ է դարձրել Հռոմի պապի եւ պատմաբան Ռինալդո Մարմարայի հանդիպման մասին հաղորդագրությունը, որտեղ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին  Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»:

Մեկնաբանելով այս հաղորդագրությունը՝ Կարեն Բեքարյանը նշեց, թե Վատիկանի քաղաքականության որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել Հայոց ցեղասպանության հարցում, նման բան հայտարարելը կոռեկտ չէ։ «Այն, որ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշել է իր դեսպանին ետ ուղարկել Վատիկան, դա իր ներքին գործն է եւ մենք մեկնաբանելու որեւէ խնդիր չունենք։ Բայց եթե սա է ընդունել որպես տեղեկատվական առիթ, ընդամենը խորհուրդ կտայի վերցնել ապրիլի 12-ի արարողությունը։ Այդ ամենը ողջ աշխարհ է տեսել, իր բոլոր ձեւակերպումներով, դրսեւորումներով, արձագանքներով։ Եւ հիմա կշեռքի նժարին դնելու որեւէ բան չկա»,- նշել է պատգամավորը։

Բեքարյանը նկատեց, թե Վատիկանի քաղաքականության փոփոխության որեւէ տարր չի տեսնում, ավելին, Վատիկանի տարածած մամուլի հաղորդագրությունը մի քանի էական շեշտադրումներ ունի։ «Եթե ուշադրություն դարձնում ենք այդ հայտարարությանը, լավ կլինի դրանց էլ դարձնենք։ Օրինակ, ասվում է «Պատմության ցավալի իրադարձությունները ուսումնասիրության եւ դատապարտման կարիք ունեն»։ Հասկանալի է, որ այդ ցավալի իրադարձությունների ներքո մենք հասկանում ենք առնվազն Հայոց ցեղասպանությունը՝ ի դեպ, ճանաչված Վատիկանի կողմից։ «Ներկայումս բռնության բոլոր տեսակի դրսեւորումների խնդիրը» արտահայտության տակ կարելի է հասկանալ ընդհուպ մինչ օրս Թուրքիայում քրդերի դեմ կատարվող բռնությունները։ «Եթե թուրքերին շատ է պետք դրա տակ իրենց համար նպաստավոր ինչ-որ բան գտնել, որ դեսպանը վերադառնա, թողենք թուրքերին։ Չի կարող քահանայապետի, որը նաեւ Վատիկան պետության գլուխն է, ուղղակի արված հայտարարությունը կշեռքի նույն նժարին դնել ինչ-որ հաղորդագրության հետ, ոը սկսվում է «Նախօրեին հեղինակը հայտարարել է» տողերով, եւ անհայտ է, թե որն է հեղինակի հայտարարածը, որ մասը՝ ինչ-որ մեկի ճաշակին ու քիմքին հարմարեցված տեքստը։ Դրանք իրար հետ որեւէ կերպ համադրելի չեն, որ մենք քաղաքականության փոփոխության դրսեւորում դիտարկենք»,- արձանագրել է Կարեն Բեքարյանը։

Հարցին, թե որն է պատճառը, որ Թուրքիան այժմ որոշեց ետ ուղարկել իր դեսպանին, Բեքարյանը պատասխանեց. «Մի բան են հիստերիկ դրսեւորումներն ինչ-որ պահի, մեկ այլ բան՝ սառը հաշվարկը։ Այսինքն, ապրիլի 12-ից հետո այդ հիստերիկ դրսեւորումը, ոը բերեց դեսպանի հետկանչման՝ ներքին հանրությանը ցույց տալու, թե այնպիսի ռեսուրս ունեն, որ կարող են նման քաղաքական դեմարշ անել, իրական քաղաքականությունը այլ բան է։ Թուրքիան պետք է գտներ որեւէ առիթ հիստերիկ վիճակից բնականոն վիճակի անցնելու եւ հիմա փորձել են այդ առիթը հորինել։ Լավ, իրենք առիթ են որոնում, մենք դրա հետ ի՞նչ կապ ունենք, ավելին, Վատիկանի քաղաքականությունը ի՞նչ կապ ունի»։

Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարություններին արձագանքել է նաեւ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ «Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է կատարել Հռոմի պապի ապրիլյան ուղերձից ամբողջությամբ կեղծ է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակը։

Տպել
Ամենաշատ