News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վիետնամում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը NEWS.am-ի հետ հարցազրույցում պատմում է հայ-վիետնամական փոխհարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի մասին:

Տիկին դեսպան, Վիետնամում ՀՀ դեսպանությունը հիմնվել է վերջերս եւ Հայաստանի ամենանոր դեսպանություններից է: Ներկայացրեք խնդրեմ դեսպանության գործունեությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:

Վիետնամում ՀՀ դեսպանությունը գործում է 2013թ. նոյեմբերից: Դեսպանություն բացելու մտադրության մասին  պաշտոնապես հայտարարվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2012թ. հունիսին Հանոյ կատարած պաշտոնական այցի ժամանակ: Այս նախաձեռնությունը նպատակ ուներ Վիետնամի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները դնել բոլորովին նոր մակարդակի վրա:

Դեսպանություն բացելու մասին հայտարարելիս նախագահը նշել է, որ Հայաստանը ձգտում է Վիետնամի հետ զարգացնել հարաբերությունները հնարավոր բոլոր ուղղություններով: Ուստի մենք Վիետնամի գործադիր եւ օրենսդիր մարմինների հետ մշտական ինտենսիվ աշխատանք իրականացնելուց բացի, կապեր ենք հաստատում նաեւ վիետնամական հասարակության հնարավորինս լայն շրջանակների հետ, այն է՝ ուսումնական հաստատությունների, գիտական կենտրոնների, ձեռնարկությունների, տեղեկատվական խոշոր ընկերությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ:Դեսպանությունը հարաբերություններ է հաստատում նաեւ Վիետնամի նահանգային կենտրոնների եւ խոշոր քաղաքների հետ:

Նախագահներ Սերժ Սարգսյանի և Չիոնգտան Շանգի մամուլի ասուլիսը Հանոյում 2012թ. հունիսի

Առանձնացված ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարեւոր առաջընթաց եմ համարում «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ տնտեսական, առեւտրական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 2015թ. օգոստոսին ուժի մեջ մտնելը, որով նախատեսվում է առաջիկայում ստեղծել Հայ-վիետնամական  միջկառավարական հանձնաժողով, որը լիազորված կլինի լուծել երկկողմ հարաբերությունների գործնական խնդրները: Ներկայումս միջկառավարական հանձնաժողի ստեղծման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման համար չափազանց կարեւոր էր 2015թ. մայիսի 29  Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ու նրա անդամ պետությունների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագիրը Հայաստանի եւ Վիետնամի գործարար լայն շրջանակների համար կարող է դառնալ առեւտրատնտեսական նոր կապեր ստեղծելու, արտոնյալ պայմաններում երկկողմ առեւտուր իրականացնելու բացառիկ հիմք:

Դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը ՎՍՀ փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հետ

Պետք է նշեմ, որ 2015թ. բավականին արդյունավետ էր նաեւ վիետնամական պատվիրակությունների Հայաստան կատարած այցերի տեսանկյունից։

Երկկողմ մշակութային կապերի զարգացման գործում հատկապես կարեւոր էր ՎՍՀ մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության նախարարի տեղակալ Վունգ Դույ Բիենի 2015թ. հուլիսին Հայաստան կատարած այցը: Նախարարի տեղակալ Վունգ Դույ Բիենը Երեւանում մասնակցեց «Մշակութային քաղաքականություն. քաղաքակա­նությունմշակույթիհամար. մշակույթիդերը «Ետ-2015» զարգացմանօրակարգում» համաժողովին: Այցի ընթացքում կողմերը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության նախարարության միջեւ մշակույթի ոլորտում 2015-2018թթ. համագործակցության մասին» ծրագիր:

2015թ. հոկտեմբերին դեսպանությունը վիետնամական կողմի հետ ինտենսիվ փոխգործակցում էր վիետնամական երկու պատվիրակությունների Հայաստան սպասվելիք այցերի կազմակերպման ուղղությամբ։ Առաջինը ՎՍՀ ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի հարցերով պատասխանատու օգնական Զունգ Ճի Զունգի գլխավորած պատվիրակության այցն էր։ Պատվիրակությունը մասնակցեց Երեւանում հոկտեմբերի 10-11-ը անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին։

ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի ննվիրված ընդունելություն Հանոյում

Հոկտեմբերի 22-ից 24-ը տեղի ունեցավ ՎՍՀ արդարադատության նախարար Հա ՀուոնգԿուոնի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Պատվիրակությունը Երեւան էր ժամանել ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների III միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Նախարար Հա Հուոնգ Կուոնը Երեւանում երկկողմ հանդիպումներ ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ արդարադատության նախարար Արփի Հովհաննիսյանի հետ։ Այցի շրջանակներում ՀՀ Արդարադատության եւ ՎՍՀ արդարադատության նախարարությունների միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն քրեական օրենսդրության, քաղաքացիական օրենսդրության, դատական գործերի աջակցության կազմակերպման, իրավական օգնության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ։

Որքանով տեղյակ ենք, Վիետնամում հայկական դասական սփյուռք գոյություն չունի, եւ համայնքային կառույցներ էլ չեն գործում: Դեսպանության կողմից ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայաստանը եւ հայկական մշակույթը վիետնամական հասարակությանը առավել ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Ճիշտ է՝ Վիետնամում հայկական դասական սփյուռք չկա եւ հայերն էլ Վիետնամ են այցելում հիմնականում զբոսաշրջության նպատակով կամ ժամանակավոր կացության իրավունքի հիմունքներով, սակայն մենք մեր ամենօրյա աշխատանքով նպաստում ենք Վիետնամում Հայաստանի եւ հայկական մշակույթի ճանաչելիությանը:

Դեսպանության ամենօրյա աշխատանքի կարեւորագույն մաս է կազմում նաեւ հանրային դիվանագիտությունը: Արդեն երկու տարի է ինչ ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում առանձնակի տեղ է հատկացվում հայկական դասական երաժշտության ներկայացմանը եւ Հայաստանի տեսարժան վայրերի մասին տեղեկատվական ֆիլմերի ցուցադրմանը:

ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Հանոյում

Երկկողմ մշակութային կապերի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներից կուզենայի առանձնացնել 2015թ.հուլիսին վիետնամական «ANTG» հեռուստաալիքով անցկացված հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Հայաստանի եւ Վիետնամի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 23-ամյակին: Մշակութային շաբաթի շրջանակներում «ANTG» հեռուստաալիքով ունեցածս ելույթում վիետնամացի հեռուստադիտողին ներկայացրի հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների պատմությունը եւ ներկա փուլը:

Մշակութային շաբաթի երաժշտական հատվածում ցուցադրվեցին Շառլ Ազնավուրի, «KOHAR» սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգները: Առանձին հաղորդումով ներկայացվեցին Արամ Խաչատրյանի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Մշակութային շաբաթը եզրափակվեց «Հայաստան Նոյի երկիր» եւ «Հռոմից Ավելի Հին Մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմերի, ինչպես նաեւ «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրմամբ:

Դեսպան Ռաիսա Վարդանյանի Հանդիպումը Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Բենինյո Աքուինո III-ի հետ

Պետք է ասեմ, որ վիետնամական հասարակությունը Հայաստանին եւ հայկական մշակույթին ծանոթ է նաեւ Խորհրդային Միության տարիներից, երբ բազմաթիվ վիետնամացի ուսանողներ իրենց բարձրագույն կրթությունը ստանում էին Խորհրդային Հայաստանի ԲՈՒՀ-երում: Շուրջ 1700 շրջանավարտներից շատերը վերադարձել են Վիետնամ եւ մեծ ներդրում են ունեցել իրենց երկրի վերականգման եւ զարգացման գործում: Այսօր այդ շրջանավարտներից շատերը հանդիսանում են Հայ-վիետնամական բարեկամական խմբի անդամներ եւ իրենց գործունեությամբ նպաստում են երկկողմ գիտակրթական եւ մշակութային կապերի ամրապնդմանը: 2015թ. սեպտեմբերին Հայ-վիետնամական բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրավերով այցելեց Երեւան` հայաստանյան գիտական, կրթական, մշակութային հաստատությունների գործունեությանը տեղում ծանոթանալու եւ երկկողմ համագործակցության հիմքեր ստեղծելու համար:

Տիկին դեսպան, 2015թ. առանձնահատուկ էր նրանով, որ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ներկայացրեք խնդրեմ ի՞նչ միջոցառումներ են տեղի ունեցել Վիետնամում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին դեսպանությունը սկսեց պատրաստվել տարվա սկզբից: Մենք վիետնամացի մասնագետների հետ ահռելի աշխատանք կատարեցինք հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք հայտնի ֆիլմեր վիետնամերեն թարգմանելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը դրանք ցուցադրելու համար:

Դեսպան Ռաիսա Վարդանյանը իր հավատարմագրերն է հանձնում Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Բենինյո Աքուինո III-ին

Ապրիլի 24-ին վիետնամական «AN VIEN» հեռուստաընկերությունը հատուկ թողարկում հեռարձակեց՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված։ Հաղորդման ընթացքում նշվեց, որ 2015թ. լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդտարելիցը եւ հիշատակվեց, որ հայերը եղել են Օսմանյան կայսրության տարածքում ապրող քրիստոնյա փոքրամասնություններից, որոնցից 1.5 միլիոնը զոհ է գնացել Օսմանյան իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորածներին։ Հաղորդմանը հանդես եկա վիետնամացի հեռուստադիտողին ուղղված ելույթով՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Նույն հաղորդման շրջանակներում ցուցադրվեց Ballista բրիտանական ֆիլմ արտադրող ընկերության կողմից նկարահանված «TheBlueBook: Evidence of Armenian Genocide» փաստավավերագրական ֆիլմը՝ վիետնամերեն կրկնօրինակմամբ։ Հաղորդումը եզրափակեց Անրի Վերնոի «Մայրիկ» ֆիլմը նույնպես վիետնամերեն կրկնօրինակմամբ:

Հատկանշական է, որ հաղորդման հեռարձակումից հետո, Վիետնամում Թուրքիայի դեսպանը մի շարք անհաջող փորձեր էր կատարել հաղորդման ձայնագրությունը հեռուստաընկերությունից ստանալու համար:

Դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Ֆիլիպինների Հանրապետության Առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ադրիան Քրիստոբալի հետ

Դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, Հանոյի Սուրբ Ջոզեֆի կաթոլիկ տաճարում Վիետնամում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագին մասնակցեցին Հայ-վիետնամական բարեկամական խմբի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, վիետնամացի եւ օտարերկրյա այցելուներ, լրագրողներ:

Համատեղության կարգով հանդիսանում եք ՀՀ դեսպանը նաեւ Ֆիլիպինների Հանրապետությունում: Ի՞նչ մակարդակի վրա են ներկայումս գտնվում Հայաստանի հարաբերությունները Ֆիլիպինների հետ:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի առաջին պաշտոնական այցը Մանիլա տեղի է ունեցել 2012թ. օգոստոսին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում: Այցի արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն կողմերը լրացուցիչ ջանքեր սկսեցին գործադրել  երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ: 2014թ. ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվեցի ՀՀ դեսպան ֆիլիպիններում (նստավայրը՝ Հանոյ):

Ներկայումս աշխատանքներ ենք տանում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խթանման ուղիների մշակման եւ համապատասխան իրավապայմանագրային հիմքի ձեւավորման ուղղությամբ: Սերտորեն համագործակցում ենք միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, ինչն իր հերթին կխթանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության խորացմանը:

Դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Ֆիլիպինների Հանրապետության Գիտության և տեխնոլոգիաների նախարար Մարիո Մոնտեոյի հետ

2015թ. մարտին Մանիլա կատարած պլանային այցիս ժամանակ Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալբերտ դել Ռոսարիոյի հետ հանդիպնամը պայմանավորվեցինք իր՝  Երեւան կայանալիք այցի շրջանակներում անցկացնել խորհրդակցություններ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:

Մեր այս հարցն ուղղում ենք բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Ֆիլիպինների Հանրապետության փոխնախագահ Ջեջոմառ Բինեյի հետ

Դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին կամ արդեն երիտասարդ դիվանագետներին կուզենայի միանգամից ասել, որ ամենակարեւորը հայրենիքիդ հանդեպ սերն է եւ նվիրվածությունը: Հարկավոր է կարողանալ արժանապատիվ ներկայացնել պետությունդ եւ ժողովրդիդ: Դիվանագետն անկախ իր դիվանագիտական աստիճանից միշտ պետք է հիշի, որ իր աշխատանքը նախ եւ առաջ ծառայություն է: Պրոֆեսիոնալ դիվանագետը պետք է տիրապետի բանակցային արվեստի հմտություններին, դիվանագիտական արարողակարգի դասագրքային կանոններին, դիվանագիտության պատմությանը եւ ինչն առավել կարեւոր է ունեցած գիտելիքները կարողանա կիրառել ըստ նշանակության: Արտերկրում դիվանագետով են դատում Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին:

Պատարագ Հանոյի սուրբ Ջոզեֆի տաճարում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ռաիսա Վարդանյան

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Ֆիլիպինների Հանրապետությունում)

Ծննդյան թիվ ու վայր 

Ծնվել է 1959թ. մայիսի 28-ին, Ադրբեջանական ՍՍՀ Խանլար քաղաքում

Կրթություն

1985թ.-ին ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, մասնագիտությունը՝ լեզվաբան

1998թ.-ին ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան, մասնագիտությունը՝ միջազգային հարաբերությունների մասնագետ

2004թ. դարձել է քաղաքական գիտությունների թեկնածու

2010թ.-ին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի «Օտարերկրյա գործուղումների վերապատրաստման» դասընթացներին

2010թ.-ին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի «Արտաքին կապերի կառավարում» դասընթացին

Աշխատանքային գործունեություն

1986–1988թթ.Դասախոս «Ռուսաց լեզու օտարերկրացիների համար» ամբիոնում, Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտ

1994-1998թթ. «Իմաստասեր» կազմակերպության արտաքին տնտեսական գծով տնօրեն, Երեւան

1999-2000թթ. ՌԴ ՖՄԾ Ֆինանսատնտեսական վարչության տարածքային միգրացիոն ծառայության ֆինանսավորման բաժնի գլխավոր մասնագետ
2000-2001թթ. – Մոսկվայի տնտեսական անվտանգության ակադեմիայի դասախոս

2006թ. «Եվրոպական ուսումնասիրությունների միջազգային ակադեմիա» գիտական հասարակական կազմակերպության նախագահ, Երեւան

2010–2013թթ.ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդական,

2013թ. հուլիսի 16-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

2014թ. ապրիլի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ նստավայրը Հանոյ

Գիտական աշխատություններ

«ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորման ուղիներ»

«Ռուսական քաղաքականությունը Կովկասում»

«Եվրոպական ազդեցության ընդլայնման հեռանկարները Կովկասում»

«Ռուսաստանի պետական քաղաքականության նոր ուղղությունները Կովկասում»

«Եվրոպայի եւ Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում»

Օտար լեզուներ

Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին

Զրույց դեսպանի հետ. Արտակ Ապիտոնյան

Զրուց դեսպանի հետ. Աշոտ Սմբատյան

Զրույց դեսպանի հետ. Տիգրան Սեյրանյան

Զրույց դեսպանի հետ. Միքայել Մինասյան

Զրույց դեսպանի հետ. Օլեգ Եսայան

Զրույց դեսպանի հետ. Արշակ Փոլադյան

Զրույց դեսպանի հետ. Համլետ Գասպարյան

Զրույց դեսպանի հետ. Արմեն Սարգսյան

Զրույց դեսպանի հետ. Գրիգոր Հովհաննիսյան

Զրույց դեսպանի հետ. Ձյունիկ Աղաջանյան 

Զրույցդեսպանի հետ. Տիգրան Գեւորգյան

Զրույցդեսպանի հետ. Հրանտ Պողոսյան

Զրույցդեսպանի հետ. ԱրաՍահակյան

Զրույցդեսպանի հետ. Գագիկ Ղալաչյան

Զրույցդեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույցդեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

 

Տպել
Ամենաշատ