News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը խախտել է «Tolishi Sado» (Թալիշի ձայն) թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի իրավունքները: Այս մասին ասված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փետրվարի 4-ին հրապարակված որոշման մեջ, որի համաձայն Ադրբեջանը պետք է նրան 15 500 եվրո վճարի:

«Հիլալ Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով ՄԻԵԴ-ի որոշման մեջ, մասնավորապես, ասված է, որ դատարանն ընդունելի է համարում Մամեդովի բողոքը Մարդու իրավունքների կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման մասով:

Որոշման մեջ նշվում է, որ 2012-ի հունիսին ձերբակալված Մամեդովի նկատմամբ ոստիկանները բռնություններ են կիրառել, վիրավորել են նրա ազգային արժանապատվությունը։

Դատարանը նշել է, որ նրա իրավունքները խախտվել են կրկնակի՝ Մամեդովը խոշտանգումների է ենթարկվել, ինչպես նաեւ չեն հետաքննվել նրա բողոքները։

Դատարանի որոշմամբ, Ադրբեջանի իշխանությունները 13 հազար եվրո են վճարելու Մամեդովին՝ որպես փոխհատուցում, ինչպես նաեւ 2 հազար 500 եվրո՝ դատական ծախսերի համար։

Նշենք, որ «Tolishi Sado» (Թալիշի ձայն) թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը ձերբակալվել էր 2012-ի հունիսի 21-ին: Նա հայտնի «Давай, до свидания!» երգի հեղինակն է: Մամեդովը այդ տեսանյութը հրապարակել էր Youtube-ում ու գրել, որ այդ մի տեսանյութով նա Ադրբեջանն ավելի հայտնի դարձրեց, քան իշխանությունները՝ «Եվրատեսիլ»-ի անցկացման վրա մեծ գումարներ ծախսելով։

Ազգությամբ թալիշ, թալիշական թերթի խմբագիր Հիլալ Մամեդովը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 2013 թվականին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ թմրանյութերի վաճառքի, պետական դավաճանության եւ էթնիկ ատելություն հրահրելու մեղադրանքներով։

Նշենք նաեւ, որ «Ты кто такой? Давай, до свидания» արտահայտությունը թեւավոր խոսք էր դարձել ողջ հետխորհրդային տարածքում:

Ադրբեջանում ձերբակալվել է թալիշական թերթի գլխավոր խմբագիրը

Թալիշ խմբագիրն իր ձերբակալությունը կապում է «Դավայ, դո սվիդանիյա» տեսահոլովակի հետ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ