News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԻՊ-ի մեր թեկնածուն բավականին փորձառու է: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով իրենց ներկայացրած թեկնածուին՝ Արման Թաթոյանին:

«Ում էլ որ դնեինք, պիտի հարցնեիք՝ ինչու: Մեր խմբակցությունում եղել են քննարկումներ, եւ ընտրությունը կանգ է առել այս թեկնածուի վրա»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, թե Արման Թաթոյանը կլինի՞ անկաշկանդ՝ հաշվի առնելով, որ նախորդ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, ըստ մամուլի հրապարակումների, հրաժարական է տվել ճնշումների պատճառով, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բոլոր հարցերը քննարկվել են մեր խմբակցությունում: Բայց եթե կարիք լիներ դրանք հրապարակել, ես կհրապարակեի: Փակ նիստ էր: Մենք նրա պատասխաններից հասկացանք, որ նա այդքան էլ զենքերը վայր դնող չէ, որ ճնշումների, քննադատությունների արդյունքում տեղի տա»:

Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի անկաշկանդ, անկողմնակալ, իսկ խմբակցության նիստի ժամանակ Թաթոյանի արած հայտարարությունը իրեն շատ դուր եկավ. «Արման Թաթոյանն ասաց, որ այսօր ինքը ՀՀԿ-ի թեկնածու է, ընտրվելուց հետո կդառնա ժողովրդի թեկնածուն: Ինձ շատ դուր եկավ այդ հայտարարությունը»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության նիստում, այսօր՝ փետրվարի 5-ին, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:

ՄԻՊ թեկնածուի պաշտոնում առաջարկված է նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի եւ Նարեկ Էլոյանի թեկնածությունը:

Փետրվարի 12-ի ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պատգամավորները ընտրելու են թեկնածուներից որեւէ մեկին եւ ներկայացնեն ԱԺ լիագումար նիստում:

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել հունվարի 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ