News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին իրականացվող բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է տիկին Ֆարնուորթին դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ քաղաքական ու տնտեսական համագործակցության, այդ թվում՝ առեւտրաշրջանառության եւ գործարար կապերի հետագա զարգացումը: 

Դեսպան Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ փոխգործակցության զարգացմամբ: Դեսպանը վստահեցրել է, որ պատրաստ է իր ակտիվ աշխատանքով նոր զարկ տալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին նշված խնդիրների լուծման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ համոզմունք հայտնել, որ այդ ուղղությամբ կգրանցվեն հաջողություններ:

Վարչապետ Աբրահամյանը եւ տիկին Ֆարնուորթն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ