News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկում բնակվող 71-ամյա Մկրտիչ Յափուջյանն ու 63-ամյա Հասմիկ Ասատրյանն արդեն մեկ ամիս է ապրում են առանց բնակարանի դռան: NEWS.am-ի հետ զրույցում Հասմիկ Ասատրյանը պատմեց, որ հունվարի 1-ի առավոտյան  փլուզվել է իրենց բնակարանի ննջասենյակի եւ միջանցքի պատը, թոշակառու ամուսինները ստիպված են եղել մոտ 2 շաբաթ ապրել առանց պատի: 63-ամյա կնոջ խոսքով, իրենք դիմել են թաղապետարան, տեղեկացրել են իրենց խնդրի մասին, սակայն ոչ մի օգնություն չեն ստացել:

«Առավոտյան նստած էինք, հանկարծ բարձր ձայն լսեցինք, խոհանոցից ուրս եկանք, տեսանք մեր ննջասենյակի ու միջանցքի պատն ամբողջությամբ փլվել է, վերջին հարկ է, անընդհատ ջուր է հոսում, երեւի դրանից պատը թուլացել է ու քանդվել: Հարեւաններն ու մենք վախեցել էինք, մտածում էինք գազից ա, արագ գազն անջատեցի, մինչեւ փրկարարները, ոստիկաններն ու «Շտապօգնությունն» եկան: Ուսումնասիրեցին, ասացին, որ փլուզում է, էդպես էլ արձանագրեցին, գնացին, ոչ մեկից  օգնություն չստացանք»,-ասաց տիկին Հասմիկը:

71-ամյա Մկրտիչ Յափուջյանն արդեն երկար տարիներ է՝ ողնաշարի ու թոքերի հետ կապված խնդիրներ ունի, մի քանի տարի առաջ վիրահատվել է, օրվա ընթացքում հիմնականում պառկած է լինում, մեկ-մեկ է քայլում: Ամուսիններից ոչ ոք չի աշխատում, ստացած թոշակն էլ հազիվ բավականացնում է օրվա հացին ու կոմունալ ծախսերին:  Տարեց ամուսինները, ցրտից փրկվելու համար  ստիպված պարտքով գումար են վերցրել եւ վերականգնել բնակարանի պատը:

«Տղա ունենք, բայց  նա էլ առողջական խնդիրներ ունի, ընտանիքով վարձով է ապրում, ինչով կարողանում օգնում է մեզ: Տեսանք հնար չկա, պարտքով պատը շարեցիք, դուռն էլ ենք առել, մնում է դնեն, հոսանքն էլ պետք է սարքենք,  շատ գործ կա դեռ անելու, բայց միջոցներ չկան Էս պատը շարելու համար մոտ 200.000 պարտք ենք վերցրել, դեռ վարպետների գումարն էլ չենք տվել, կարողացել ենք ինչ-որ չափով պատը վերականգնել»,-ասաց տիկին Հասմիկը:

Թոշակառու ամուսիններին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Հասմիկ Ասատրյանի հեռախոսահամարին՝ 091819760։

Տպել
Ամենաշատ