News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ականազերծմամբ զբաղվող մասնագիտացված կառույցը Հայաստանում գործում է 2002 թվականից, երբ Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում ստեղծվեց Ականազերծման կենտրոնը: 2011 թվականին կենտրոնը վերանվանվել է եւ կոչվում է Առանձին ինժեներա-սակրավորական խաղաղարար գումարտակ: Այստեղ մարդկանց հետ միասին ծառայում են նրանց չորքոտանի օգնականները՝ լաբրադորներ եւ գամփռներ:

«Կառույցի գործունեության ընթացքում ականազերծվել է սահմանամերձ տարածքների զգալի մասը: Վերջին տարիներին ականազերծման աշխատանքներ են կատարվել Սյունիքում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց գումարտակի հրամանատար, գնդապետ Վոլոդյա Զալունցը:

Հետախուզության եւ վտանգավոր տարածքների որոշման գործն իրականացնում է «Ականազերծման եւ փորձաքննությունների մարդասիրական կենտրոն» պետական ոչ կառավարական կազմակերպությունը: Գումարտակի սակրավորներն ականազերծումն են կատարում:

Գումարտակում պայմանագրային զինծառայողներ են, ովքեր այստեղ գալիս են բանակում ծառայության ավարտից հետո: 2005 թվականից Կենտրոնի սակրավորները խաղաղարար գործունեություն են իրականացրել Իրաքում (7 հերթափոխ՝ կես տարին մեկ անգամ) եւ Աֆղանստանում (4 հերթափոխ, նույնպես կես տարին մեկ անգամ):

Նրանց հետ միասին գումարտակում ծառայում են նաեւ չորքոտանի սակրավորները: «Նախկինում նույնպես ծառայողական շներ կային, բայց ժամանակի ընթացքում կենդանիները ծերացան, իսկ նրանց փոխարինող գտնելը դյուրին չէր»,- պատմում է գումարտակի հրամանատարը:

Ամերիկյան կողմի հետ համագործակցության շրջանակում նոյեմբերին Հայաստան են բերվել 6 բելգիական գամփռներ: Շներին բերել են Բոսնիա եւ Հերցեգովինայի մասնագիտացված կենտրոնից: Կենդանիները մեր երկիր են ժամանել երկու մարզիչների հետ:

Մարզիչները կես տարի աշխատելու են շների ու գումարտակի անձնակազմի հետ: Այնուհետեւ նրանց քննություն է սպասվում, ինչից հետո մարզիչները եւս կես տարի կհետեւեն կենդանիների աշխատանքին:

Գումարտակում եւս 2 լաբրադոր կա, որոնք վարժեցնում են սեփական ուժերով:

Մեկ տարեկան բելգիական գամփռները՝ Ռոքսին, Զաֆը, Բաքը, Գիզմոն, Աստորը եւ Ռիկոն, անծանոթ հյուրերին տեսնելով՝ սկսում են հաչել: 3-ամյա լաբրադորներ Ալման ու Բլեքն ավելի զուսպ են, զգացմունքներն արտահայտում են միայն պոչը շարժելով: Բոլորն էլ ուրախ են զբոսանքի առիթով:

Յուրաքանչյուր շան հետ առանձին մասնագետ է աշխատում: Որոշ ծառայողներ նաեւ տանը կենդանի ունեն:

Թարգմանության խնդիրը լուծվել է ժպտերես եւ ծիծաղկոտ թարգմանչուհու օգնությամբ, քանի որ ե՛ւ մարզիչների, ե՛ւ շների աշխատանքային լեզուն անգլերենն է:

Շների վարժեցմամբ եւ անձնակազմի ուսուցմամբ զբաղվում են շների վարժեցման կենտրոնի մարզիչներ Սուադ Մեսիկն ու Դամիր Ժամակովիչը:

Սուադ Մեսիկը մարդու չորքոտանի ընկերների հետ աշխատում է ավելի քան 20 տարի: Նա տանը նաեւ երկու գամփռ ունի: «Շների հետ ավելի դյուրին է աշխատել, քան մարդկանց հետ»,- խոստովանում է մարզիչը եւ հավելում. «Խնդիրներ չկան, ուրախ է, եւ նրանք միշտ հավատարիմ են»:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ