News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում նախագահը Մեղրիում մասնակցել է հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի  բացման արարողությանը, որն իրականացվել է ՀՀ նախագահի՝ մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը» ստեղծվել է «Մեղրու բժշկական կենտրոն» եւ «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ պահպանելով ամբողջ բժշկական անձնակազմը: Արդիականացված նորաբաց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Մեղրու տարածաշրջանի բնակչությանը մատուցել ժամանակակից, որակյալ եւ հասանելի բժշկական ծառայություններ: ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում այս բուժհաստատությունում իրականացվել է շուրջ 1.62 մլրդ դրամի ներդրում: Նորակառույց կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եւ անհրաժեշտ պարագաներով:  «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում» առկա է նաեւ հեռաբժշկության հնարավորություն:

Նախագահը առողջապահության ոլորտի պատասխանատուների, ՀԲ-ի, բուժհաստատության եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում», ծանոթացել ստեղծված պայմաններին, առաջարկվող բժշկական ծառայություններին, բուժանձնակազմի հետ զրուցել կենտրոնի գործունեության հետ կապված հարցերի շուրջ: Առողջապահության նախարարը զեկուցել է վերջին տարիներին Սյունիքի մարզում առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերի, այդ թվում՝ Գորիսի, Քաջարանի եւ Կապանի բժշկական կենտրոնների հիմնանորոգման ու վերազինման աշխատանքների մասին, որոնց ավելացել է այսօր բացված Մեղրու տարածաշրջանային բժշկական նորակառույց կենտրոնը: Նախարարը ներկայացրել է նաեւ մարզում առողջապահական արդիական ենթակառուցվածքների ստեղծման եւ բարելավման ուղղությամբ նախատեսվող առաջիկա ծրագրերը:

Հանրապետության նախագահն այնուհետեւ մեկնել է Քաջարան, որտեղ մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Վերանորոգման եւ շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 190 միլիոն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, մանկապարտեզի շահագործման արդյունքում կլուծվի եւս 90 երեխայի նախակրթարան հաճախելու խնդիրը, ինչպես նաեւ Քաջարան քաղաքում կստեղծվի լրացուցիչ 40 աշխատատեղ:

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ նրան ներկայացրել են կոմբինատի զարգացման ծրագրերը, իրականացված ներդրումները, ինչպես նաեւ կոմբինատի աշխատակիցների համար ստեղծված պայմանները: Նախագահը շրջայց է կատարել կոմբինատի տարածքում, ծանոթացել ձեռնարկության արտադրողականության եւ կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, կոմբինատի կողմից իրականացվող քաղաքաշինական, բնապահպանական, առողջապահական եւ բարեգործական ծրագրերին:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Սերժ Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն՝ կոմբինատի զարգացման ծրագրերի եւ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ: «Կատարված աշխատանքներն իրոք տպավորիչ են: Եվ եթե  այդ աշխատանքները չիրականացվեին, ապա շատ ավելի հավելյալ բարդություններ կունենայիք միջազգային շուկաներում մետաղի գների անկման հետ կապված: Ես հիշում եմ 2008-2009 թվականները, այն ժամանակ էլ այսպիսի խնդիրներ ունեինք եւ այն ժամանակ էլ լուծումներ տրվեցին: Հնարավորություն տրվեցին այդ բարդությունները հաղթահարել եւ հետո արդեն 2011-2012 թվականներին՝ հանքարդյունաբերողների համար ամենաբարենպաստ տարիներին ստանալ իրենց աշխատանքի արդյունք: Ես վստահ եմ, որ լուծումներ հիմա էլ անպայման գտնվելու են, եւ ոչ միայն Քաջարանում, այլ ընդհանրապես: Մեր հանքարդյունաբերության պոտենցիալը մեծ է, եւ այսօրվա գործող ձեռնարկություններն անպայման պետք է աշխատեն, նույնիսկ եթե պետք է աշխատեն ինքնարժեքով, անգամ ինքնարժեքից մի քիչ ցածր՝ գիտակցելով, որ ոչ միայն սոցիալական խնդիր են լուծում, այլ նաեւ, այսպես ասած, պատրաստվում են վաղվա իրենց աշխատանքի արդյունքները քաղել, այսինքն` նախապատրաստվում են միջազգային շուկաների բարենպաստ պայմաններում իրենց շահույթների կամ իրենց կատարած ծախսերի վերադարձին: Շատ լավ հասկանում եմ, որ այն ձեռնարկություններում, որտեղ վիճակը շատ թե քիչ բարենպաստ է, ունեն հավելյալ միջոցներ, ունեն ավելի հարուստ հանքաքար, դժվարությունները շատ ավելի քիչ են, քան միգուցե այստեղ: Բայց երբ ընդհանուր նայում ենք մեր հանքարդյունաբերության համալիրը, կարծես դուք ամենաբարենպաստներից մեկն եք ոչ միայն այն պատճառով, որ ծավալներն են մեծ, վստահ եմ նաեւ այն պատճառով, որ տարիների տեւական աշխատանքը հիմա էլ բոլոր դեպքերում տալիս է իր արդյունքը: Ես մեր կողմից կարող եմ ավելացնել, որ մենք մշտապես փորձել ենք օժանդակել, որովհետեւ մեծ կոմբինատները մեր բյուջեի եկամուտների հիմքն են, մեծ ձեռնարկությունները մեր սոցիալական խնդիրները լուծողներն են: Մենք մշտապես աջակցում ենք եւ հիմա էլ պատրաստ ենք աջակցելու: ՀՀ կառավարությունը եւ բոլորս պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում եւ շատ պարագաներում էլ հնարավորություններից էլ ավել ձեզ օժանդակել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սեփականատիրոջը կամ սեփականատերերին, կառուցվածքը չգիտեմ, ձեզ՝ որպես կոմբինատի ղեկավարներ եւ, իհարկե, ողջ կոլեկտիվին՝ ամենապարզ բանվորից սկսած, որովհետեւ հենց նաեւ նրանց լավ աշխատանքով է, որ գործերը լավ են գնում: Վստահ եմ՝ այս անգամ էլ լուծումներ լինելու, վստահ եմ, ես դրա մասնագետը չեմ, բայց համոզված եմ, որ կլինի մեկ-երկու տարի հետո, գները կնորմալանան, նորից բոլորդ էլի շատ մեծ հաճույքով եւ առատաձեռն կսկսեք սոցիալական ծրագրերը նաեւ այս տարածաշրջանի ժողովրդի համար»,- ասել է Հանրապետության նախագահը: Խորհրդակցության ժամանակ հանքարդյունաբերության ոլորտի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության վերաբերյալ զեկուցել են  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ու կոմբինատի գլխավոր տնօրենը:

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել Ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչության նոր մասնաշենքի բացման արարողությանը: Տեսչությունն սպասարկում է Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքների, ինչպես նաեւ 46 գյուղական համայնքների 4318 հարկ վճարողների: 2014թ. ՀՀ կառավարության որոշմամբ վիճակագրական ծառայությանը պատկանող շենքը հատկացվել է ֆինանսների նախարարությանը, որը նախատեսվել է Կապանի տեսչության համար: Մինչ այդ տեսչությունը գործում էր վարձակալական հիմունքներով զբաղեցված տարածքում: Նորագույն սարքավորումներով վերազինված եռահարկ կառույցի առաջին հարկում տեղակայվել է սպասարկման կենտրոնը, որտեղ հարկ վճարողների սպասարկումը կիրականացվի «մեկ պատուհան» սկզբունքով: Ֆինանսների նախարարության պատասխանատուների հավաստմամբ, այս մասնաշենքի շահագործմամբ ավարտվում է տարածքային հարկային տեսչությունները սեփական շենքով եւ գույքով ապահովելու ծրագիրը, որի շրջանակներում հարկային համակարգում շահագործման է հանձնվել հիմնովին վերանորոգված 15 վարչական շենք. Կապանի ՏՀՏ-ի վարչական նոր շենքը 16-րդն է: 2016թ. Էջմիածնի եւ Իջեւանի տեսչությունների շենքերի հիմնանորոգմամբ կավարտվի բոլոր տարածքային հարկային տեսչությունների վարչական շենքերը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ