News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայերը պետք է պահպանեն արծաթագործության ավանդույթները: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թավրիզի հայ համայնքից արծաթագործ Ռազմիկ Օրդուխանյանը:

Թավրիզի վարպետներն իրենց ձիրքը ժառանգել են Վանից գաղթած շնորհալի նախնիներից: Սակայն վերջին 30 տարվա ընթացքում Թավրիզի հայ վարպետները տեղափոխվում են Թեհրան կամ արտագաղթում են:

«Հիմա այդ արհեստի մեջ քաղաքի հայ վարպետներից ամենատարեցը ես եմ, բայց մի քանի երիտասարդ էլ կա», - հավելեց նա:

40 տարի առաջ, երբ պարոն Օրդուխանյանն ավարտել էր աշակերտությունը եւ սկսել էր արծաթին շունչ տալ, Թավրիզում կար 7-8 հայկական ոսերչական խանութ-արհեստանոց, ամեն մեկում՝ երկու տասնյակ աշակերտ: «Իսկ հիմա ամբողջ քաղաքում մի տաս հոգի արհեստավոր կա, էն էլ մենակ ես եմ, որ համ արհեստանոց ունեմ, համ խանութ։ Ուրիշները՝ մենակ արհեստանոց», - ասաց նա:

Թեհրանում, սակայն, ճանաչված հայ ոսկերիչներ եղել են եւ կան: Նրանցից մեկը ժամանակին պատրաստել էր շահ Մոհամեդ Ռեզա Փեհլեւիի կնոջ թագը:

Իրանի շուկայում վերջին մի քանի տարի գնողունակությունն այդքան բարձր չէ, հավելում է պարոն Ռազմիկը: Չորս տարի առաջ (ԵՄ-ի պատժամիջոցներից ու իրանական ռիալի փոխարժեքի անկումից հետո – խմբ) կտրուկ բարձրացել էին ապրանքների գները:

«Ճիշտ է, արծաթի գներն էլ էին շատ ընկել, բայց մարդկանց կարողությունն էլ էր ընկել: 2012-ին արծաթի մեկ ունցիան միջազգային բորսաներում արժեր 30-35 դոլար, հիմա՝ 14-15 դոլար: Բայց առաջ մեզ մոտ մեկ ընտանիք, եթե 500 դոլար էր ստանում, ինչքան ծախսում, շռայլում, մեկ է` կեսը մնում էր: Իսկ հիմա 1 500 դոլար են ստանում, հազիվ են ծայրը ծայրին հասցնում», - պատմում է արծաթագործը:

Վարպետներին օգնում են ոսկի-արծաթեղենի ավանդական գնումները մարտ-ապրիլին՝ Նովրուզի եւ Զատիկի ամիսներին: Դրանից բացի, իրանական սովորույթով, ամուսնության ժամանակ ամուսինն իր տիկնոջը մոմակալներով հայելի է նվիրում:

Որպեսզի արծաթը կենդանացնելու ձիրքը չմարի, վարպետը երազում է Հայաստանում գործ սկսել, բայց տարիքը չի ներում:

«10-15 տարի ջահել լինեի… Թե չէ հիմա գործ չեմ անում, Թավրիզում երեք աշակերտներս են անում: Առաջվա ուժը եթե ունենայի, լրիվ գործս կտեղափոխեի էստեղ, թող շահ էլ չլիներ: Մենակ թող հայերի մոտ էդ շնորհքը չկորի: Բայց ձեռքս դողում է արդեն, ձուլելուց-տաշելուց էլ, նախշ նկարելուց էլ: Բայց ցանկությունս չի մարում», - ասում է Օրդուխանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ