News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նման բան մեզանից յուրաքանչյուրի հետ է կատարվում: Ինչ-որ պահի դադարում ենք ինքներս մեզ դուր գալ այն տեսքով, ինչպիսին արտացոլվում ենք սովորական հայելիում: Այսպես էլ առաջանում է կյանքի փոփոխությունների հանդեպ ձգտումը, արտաքինում փոփոխություններ անելու ցանկությունը:

«Ո՛չ իմ դեպքում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարում է մոլորակի ամենաշատ դաջվածք ունեցող մարդը՝ Էթիեն Դյումոնը, եւ պարզաբանում. «Ես նույն ընկերներն ունեմ, նույն աշխատանքը, ապրում եմ նույն քաղաքում»:

Մասնագիտության արվեստի քննադատ՝ նա ճանաչում է ձեռք բերում 2009 թվականին, Ժնեւում կայացած Europ’art’09 ցուցահանդեսից հետո: Ցուցադրված էին Դյումոնի դիմանկարները՝ արված ֆրանսիացի հայտնի 12 լուսանկարիչների կողմից, նրա 60-ամյակի առիթով:

Էթիեն Դյումոնը ծնվել է 1948 թվականի հունիսի 27-ին: Առաջին դաջվածքն արել է 1980-ականներին, Լոզանում:

«Դա փոքրիկ արծիվ էր: Հիմա այն ինչ-որ տեղ է՝ մեկ այլ դաջվածքի տակ, աջ ձեռքիս: Չեմ հիշում, թե ինչ էի զգում այն ժամանակ: Հավանաբար՝ հրճվանք, որ իսկապես արեցի դա»:

Ժամանակի ընթացքում մարմնի վրա արված նկարներով տարվելն իսկական կրքի է վերածվում: Էթիենը նախ սեւ-ճերմակ դաջվածքներ է անում, սակայն «Օրսե»-ում տեսնելով պոլինեզյան դիմակը՝ անցնում է գունավոր դաջվածքների:

2005 թվականին նրա մարմինը ոտքից գլուխ պատված էր նկարներով, սակայն քննադատը կանգ չի առնում եւ սիլիկոնե իմպլանտներ է ավելացնում ձեռքի դաստակներին, ինչպես նաեւ կոտոշների տեսքով՝ ճակատին, օղեր՝ ականջների բլթակներին եւ պիրսինգ՝ շուրթերին ու քթին: Դյումոնը նշում է, որ դաջվածքներում յուրահատուկ իմաստ չի դնում. «Դա պարզապես զարդարանք է»: 

Երկար ժամանակ Էթիենն աշխատել է «La Tribune de Geneve» պարբերականում՝ Շվեյցարիայի ամենից հեղինակավոր ֆրանսալեզու հրատարակությունում: Այսօր նա համագործակցում է ոչ պակաս ազդեցիկ «Bilan» տնտեսական ամսագրի հետ: Լրագրողը հավաստում է, որ իր եւ հասարակության միջեւ որեւէ կոնֆլիկտ չի առաջանում: Այլ կերպ ասած՝ հարկ չի լինում պաշտպանել իր ինքնատիպությունը: «Ինչպես են ինձ արձագանքո՞ւմ: Երեխաներն ավելի անմիջական են: Դեռահասները՝ հիմար եւ աղմկոտ: Սակայն նրանք իրենց այդպես են պահում բոլորի հետ»:

«Ես միշտ ցանկացել եմ բարձրահասակ լինել, բայց ցածրահասակ եմ,- խոստավանում է Էթիենը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք իրեն գեղեցիկ է զգում:- Ընդհանրապես՝ գեղեցկությունը ճաշակի հարց է: Բանն այն է, որ բազմաթիվ մարդիկ գեղեցիկ են համարում միեւնույն բաները»:

Լրագրողն ընտանիք չունի: Նա ապրում է ակնթարթով, չի հավատում ճակատագրի նշաններին եւ չի մտածում վաղվա օրվա մասին. «Ես ստահավատ մարդ չեմ: Իրադարձությունները պարզապես տեղի են ունենում»: 

Էթիենի կարծիքով, ժամանակակից հասարակության հիմնական խնդիրներից են կլիմայի փոփոխությունը, գերբնակեցումը, գործազրկությունը եւ կրոնական մոլագարությունը. «Եվ ո՞վ է այսօր լավ ապրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ