News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահն այլեւս չի կարող լինել կուսակցական, ինչպես հիմա է:

«Լուսավոր Հայաստանի» տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Սույն փաթեթը քննարկվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդում, եւ սա մեր առաջին հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնությունն է: Մենք գտնում ենք, որ այս փաթեթի ընդունումը կնվազեցնի ամենաբարձր մակարդակով իրականացվող հովանավորչությունը Հայաստանի Հանրապետությունում:

Մասնավորապես, մեր կողմից առաջարկված օրենսդրական կարգավորման նպատակն է ապահովել այս բոլոր մարմինների պաշտոնատար անձանց քաղաքական չեզոքությունը: Խնդիրն այն է, որ այս մարմիններն իրենց լիազորությունների անաչառ իրականացման համար, որպես հիմնաքարային պայման, պետք է անկախ լինեն պետական մարմիններից, առանձին պաշտոնատար անձանցից, տնտեսվարող սուբյեկտներից եւ նշվածների հետ փոխկապակցված անձանցից:

Փաստն այն է, որ Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները եւ քաղաքական  այլ պաշտոններ զբաղեցնող անձիք չափազանց հաճախ համընկնում  են եւ անձը, լինելով միաժամանակ ինչպես այդ մարմիններից որեւէ մեկի, այնպես էլ որոշակի կուսակցության անդամ, չի կարող անկաշկանդ իրականացնել իր լիազորությունները, իսկ այստեղ, ըստ էության, անխուսափելի է շահերի բախումը: Այսինքն, ակնհայտ է, որ անձը չի կարող անաչառ լինել որոշակի քաղաքական թիմի, որեւէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ համապատասխան դեպքերում վարչական վարույթ հարուցելու, խախտումները գրանցելու եւ որակելու, պատժամիջոցներ կիրառելու ընթացքում, երբ ինքը եւս միաժամանակ այդ նույն թիմի անդամ է:

Ինչպե՞ս կարող են որեւէ կուսակցության անդամ հանդիսացող խորհրդի անդամը կամ նախագահն իրականացնել իր լիազորությունները նույն կուսակցության այլ անդամների կողմից ղեկավարվող պետական մարմիններում, որոնց թվում են նախարարություններ եւ այլ գերատեսչություններ ու մարմիններ, խուսափել շահերի բախումից եւ լինել անկողմնակալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ