News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդիայի հնագույն թանգարանում՝ Թագավորական զինապալատում անցկացվում են Հայաստանի օրեր, որոնք կազմակերպվել են թանգարանի եւ Շվեդիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս Ստոկհոլմի թագավորանիստ պալատում տեղակայված թանգարանում տեղի է ունեցել «Հայ-շվեդական պատմական առնչությունները» խորագրով դասախոսություն, որին ներկա էին Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, մշակութային հաստատությունների ղեկավարներ, մտավորականներ եւ մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Դասախոսության ընթացքում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայ-շվեդական հարաբերությունների վերաբերյալ մենագրությունների եւ հոդվածների հեղինակ Արծվի Բախչինյանը ներկայացրեց վաղ միջնադարից մինչ 20-րդ դարի սկիզբը հայերի եւ շվեդների միջեւ եղած պատմամշակութային փոխհարաբերությունները, տնտեսական եւ մշակութային առնչությունները, Շվեդիայի հասարակական-քաղաքական կյանքում ազդեցություն ունեցած հայազգի ազնվականների, դիվանագետների եւ արքունի պալատականների դերը։ Արծվի Բախչինյանը նաեւ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:

Հայաստանի օրերի շրջանակում կազմակերպված կենտրոնական միջոցառումն է «Մետաքսի առեւտրի հետքերով. հայ վաճառականները Կարլ 11-րդի արքունիքում» խորագրով ցուցադրությունը։ Այն նվիրված է 1687թ. Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից Շվեդիա առաջին անգամ մետաքս ներկրելու պատմությանը։ Շվեդ միապետի հատուկ դեսպան Լյուդվիգ Ֆաբրիցիուսի ուղեկցությամբ նրանք այցելել են Ստոկհոլմ՝ «Մետաքսե ճանապարհի» հյուսիսային հատվածի շուրջ բանակցություններ վարելու նպատակով, ինչն ավարտվել է Կարլ 11-րդի հետ առեւտրական պայմանագրի ստորագրմամբ։ Դրանով հայ վաճառականներն իրավունք են ստացել արտոնյալ պայմաններով իրենց ապրանքները Ռուսաստանի ճանապարհով ներկրել Շվեդիա եւ այնուհետ՝ եվրոպական այլ երկրներ։

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված է պայմանագրի բնօրինակը, վաճառականների կողմից շվեդ միապետին նվիրաբերված յոթ ոսկեպատ թրերից մեկը, հայ վաճառականների արարողակարգային գավազանը եւ այլ եզակի ցուցանմուշներ։ Ցուցահանդեսը ներկայացված է լինելու ամբողջ 2016թ. ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ