News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը։ Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանտ, որն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, այդ թվում՝ ԵՄ խորհրդարանական փոխգործակցությանը, ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմոլորտ տնտեսական համագործակցության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Նախագահի համոզմամբ, այս գործընթացում կարեւոր դեր ունի նաեւ Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստան-Եվրամիություն ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում բարձրաստիճան փոխայցելությունները, լավագույնս վկայում են ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացման մասին: Անդրադառնալով տարեվերջին Բրյուսելում տրված ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է՝ Հայաստանն ակնկալում է, որ բանակցությունները կընթանան բնականոն հունով, եւ կողմերը հաջողությամբ ավարտին կհասցնեն այդ կարեւոր գործընթացը:

Հյուրի խնդրանքով Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, իր տեսակետները ներկայացրել միջազգային արդի խնդիրների եւ տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ, տեղեկացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ:

Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլը ներկայացրել է իր կուսակցության անցած ուղին, ներկա առաջնահերթությունները, Եվրոպայում առաջատար այդ քաղաքական ուժի գործունեությունը եւ ընդգծել, որ կուսակցությունը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու համագործակցությունը ինչպես միջկուսակցական, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն ձեւաչափերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ