Մինչեւ հիմա ռուսական կողմին համոզիչ փաստեր չեն ներկայացվել այն մասին, որ Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կրկին հաստատում ենք, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողություններն ուղղված են բացառապես Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի դեմ: Թիրախների ընտրությունն ու գործողությունների ընթացքը կանոնավոր կերպով թափանցիկության սկզբունքով Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից լուսաբանվում են լրատվամիջոցներում: Միաժամանակ, մինչեւ հիմա մեզ որեւէ համոզիչ փաստարկ չի ներկայացվել, որը վկայում է ռուսական ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին»,- նշել է Մարիա Զախարովան:
Մինչդեռ, ըստ ՏԱՍՍ-ի, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մատնանշել է, որ Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնող ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի երկրներին թիրախների համատեղ որոշման շուրջ Մոսկվայի ուղարկած բոլոր հարցումներն անպատասխան են մնում:
«Մինչ այդ, մենք տեսնում ենք, որ հակակառավարական ընդդիմության, այսպես կոչված, «չափավոր ուժերը» չեն դադարում ռազմական ակտիվությունը Սիրիայի տարբեր հատվածներում, ինչը, սակայն, չի լուսաբանվում արեւմտյան լրատվամիջոցներում»,- նշել է Զախարովան: