News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Քաշունի գյուղի համայնքապետ Գառնիկ Հակոբյանը 80 տարեկան է: Վերջին 25 տարիներին նա է զբաղեցրել համայնքի ղեկավարի պաշտոնը:

Գյուղապետն ասում է` ամեն անգամ ինքն է համայնքապետ դառնում, որովհետեւ երիտասարդները չեն առաջադրում իրենց թեկնածությունը։

«Ջահել կա՞, որ դնեն, եղածներն էլ ոչխարի գործ են անում, ժամանակ չունեն` գյուղապետ աշխատեն»,– ասում է նա։

Գյուղապետի խոսքով` աշխարհից կտրված այս գյուղն ընդամենը 27 բնակիչ ունի եւ հազար ու մի խնդիր:

«Գյուղը փոքր է, դրա համար էլ խնդիրները շատ են. որ մեծ լիներ, շատ ուշադրություն կդարձնեին: Ճանապարհ, ոռոգման, խմելու ջուր չունենք: Մինչեւ Կապան-Տաթեւ խաչմերուկ հասնելը 2կմ է. բնական ճանապարհ է, ցեխ օրերին դժվարանում ենք գնալ-գալ: Մեզ ասֆալտ պետք չի, խճապատում էլ անեն` հերիք է»,- ասում է նա:

Գյուղապետը Քաշունին խնդիրների լուծումը տեսնում է համայնքների խոշորացման ծրագրով նախատեսված փոփոխությունների մեջ։ Նրա կարծիքով` գյուղի բնակիչների համար ավելի լավ կլիներ, եթե Քաշունին ավելի խոշոր համայքնի մաս լիներ, քան առանձին գյուղ։

«Մենք կողմ ենք գյուղի վերացմանը. գնալ-գալը մեզ համար շատ է դժվար, արդեն ձանձրացել ենք: Էս րոպեին գյուղում մի 10-12 մարդ ենք։ Երկու ընտանիք ազատագրված տարածքներում ոչխար են պահում։ Մի մասն էլ, ովքեր զառամյալ են, իրենց հարազատների մոտ են` Երեւան, Քաջարան, կամ ուրիշ տեղ::Մեծը մահանում է, փոքրն էլ չի ծնվում, բա վերանալու ենք, էլի»,– ասում է գյուղապետը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում համայնքապետի ընտրություններ են: Համայնքների խոշորացման ծրագրով այս ընտրությունների արդյունքում կմիավորվեն Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները: Միավորված համայնքի կենտրոնը կլինի Շինուհայրը:

Տպել
Ամենաշատ