News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում կայանալիք համայնքապետի ընտրությունների արդյունքում համայնքների խոշորացման ծրագրով կմիավորվի ութ համայնք։ Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի միավորված համայնքները կմիավորվեն Շինուհայր կենտրոնի շուրջ:

Համայնքապետի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու` ՀՀԿ ներկայացուցիչ, Տաթեւի գործող համայնքապետ Մուրադ Սիմոնյանը, անկուսակցականներ Իգոր Աբրահամյանը եւ Վարշամ Բագրատյանը:

Փոքր համայնքների ղեկավարներից ոչ մեկն իր թեկնածությունը չի առաջադրել:

Մարտիրոս Գրիգորյանը 25 տարի է` Խոտ գյուղի համայնքապետն է: NEWS.am-ի հետ զրույցում առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու հանգամանքը նա պարզաբանեց այսպես. «Բոլորը հո չէին առաջադրվելու: Ես երկար ժամանակ աշխատել եմ, որոշեցի էլ չառաջադրվել»:

Առաջիկա ընտրություններում Մարտիրոս Գրիգորյանն աջակցելու է Տաթեւի  գործող համայնքապետ, ՀՀԿ–ական Մուրադ Սիմոնյանին: NEWS.am-ի հարցին` արդյոք այդ որոշումը պայմանավորված է թեկնածուի` ՀՀԿ–ական լինելու հանգամանքով, Մարտիրոս Գրիգորյանը պատասխանեց. «Ո'չ, նման բան չկա: Ուղղակի նա իմ երկար տարիների գործընկերն է: Տեղական ընտրությունների ժամանակ կուսակցական պատկանելությունն այդքան էլ չեն հաշվի առնում, ավելի շատ հաշվի են առնում էդ մարդու փորձը, գիտելիքները»:

Մասնագիտությամբ մանկավարժ Մարտիրոս Գրիգորյանն ընտրություններից հետո կշարունակի ապրել հայրենի գյուղում, կզբաղվի հողագործությամբ, հավանաբար հենց ինքն էլ կլինի Խոտ գյուղի ներկայացուցիչը:

Հալիձորի համայնքապետ Մարատ Գերասիմյանը համոզված է` խոշորացումից հետո արվող ներդրումները հավասարաչափ կբաշխվեն համայնքների մեջ, եւ Հալիձորում առկա միջհամայնքային ճանապարհի վերանորոգման, գազիֆիկացման, երիտասարդների ժամանցի վայրերի բացակայության խնդիրների մի մասն այդ կերպ կլուծվի:

«Ընտրություններին թեկնածությունս չեմ դրել: Ինքս իմ մեջ վերլուծեցի, գտա, որ պատրաստ չեմ նման քայլի: Ընտրություններից հետո հավանաբար կմնամ գյուղում որպես վարչական ներկայացուցիչ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց նա:

Համայնքի ղեկավարման 25 տարվա փորձ ունեցող, Քաշունի համայնքի 80-ամյա համայնքապետ Գառնիկ Հակոբյանը մյուս փոքր համայնքների ղեկավարների պես իր թեկնածությունը չի առաջադրել. «Թող դնեն, էլի, ջահելները: Ես էլ մեր տանը կպառկեմ, մեր մեղուն կպահեմ, ինչ կուզեմ`էն էլ կանեմ»:

Տպել
Ամենաշատ