News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նկարիչների միությունում այսօր` փետրվարի 8-ին, բացվեց 27-ամյա նկարիչ Անդրանիկ Ասատրյանի «Հնդկաստանով ներշնչված» խորագրով ցուցահանդեսը:

«Հնդկական արվեստով սկսել եմ հետաքրքրվել, երբ ինստիտուտում 2-րդ կուրսում էի սովորում եւ պետք է դիպլոմային աշխատանքի թեմա որոշեի: Սկզբում մտածում էի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ»-ի մոտիվներով գործ անել, սակայն  մի անգամ հնդկական դասական երաժշտություն լսեցի, որն ինձ կապեց Հնդկաստանի հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց 27-ամյա նկարիչը։

Հնդկական թեմատիկայով առաջին աշխատանքն արել է տարիներ առաջ: Այն ժամանակ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող Անդրանիկը դիպլոմային աշխատանքի թեման վերցրել է հենց հնդկական էպոսից` «Ռամայանայից»: Հետագայում էպոսի հայերեն թարգմանության մեջ տեղ են գտել նրա նկարազարդումները:

Անդրանիկն այնքան է տարվել հնդկական մշակույթով, որ այն հասկանալու համար սկսել է ինքնուրույն հնդկերեն ուսումնասիրել, գրքեր վերցնել կարդալ: Այսօր արդեն հնդկական նկարների, տիկնիկների ու թագերի մի ամբողջ շարք է ներկայացնում արվեստասերների դատին:

«Իմ աշխատանքներն անվանում են ֆանտաստիկ սյուրռեալ ոճ, այսինքն` ֆանտաստիկ, երազային գաղափարներ, զգացմունքներ ու արժեքներ եմ ես նկարում: Իմ միակ նպատակն է ցույց տալ մարդկային բարձր արժեքները, որ մարդիկ պահպանեն դրանք»,- նշեց նա:

Հնդկաստանում Անդրանիկը դեռեւս չի եղել, սակայն համոզված է, որ եթե իր երազանքը մի օր կատարվի ու հայտնվի Հնդկաստանում, այն նոր ոգեւորությամբ ստեղծագործելու առիթ կդառնա:

«Կարող եք պատկերացնել մի մարդու, ով չի եղել Հնդկաստանում, սակայն այնպես է ներկայացնում Հնդկաստանը, որ կարող է ձեզ վրա տպավորություն թողնել: Նրա նկարները հիմնականում հնդկական միֆոլոգիայից են: Ես համոզված եմ, որ Անդրանիկը պայծառ ապագա ունի»,- նշեց ցուցահանդեսին ներկա ՀՀ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան Դոկտոր Սուրեշ Բաբուն:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան եւ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի աջակցությամբ:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ