News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր  Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին ակտիվ մասնակցություն կունենա նաեւ քաղաքացիական հասարակությունը, որը կհամախմբվի ընտրակեղծիքների գլխավոր սողանցքի` ուռճացված ընտրացուցակների խնդրի շուրջ: Օրակարգում մասնավորապես քվեարկված ցուցակների հրապարակայնացման պահանջն է:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ առաջիկայում շուրջ երկու տասնյակ քաղաքացիական նախաձեռնություն հանդես է գալու հայտարարությամբ, ապա  դիմելու է Վենետիկի հանձնաժողովին` քվեարկված ցուցակների հրապարակայնացման սահմանափակումը վերանայելու առաջարկով: Այս պնդումը  իշխանությունները բոլոր ժամանակներում անիրագործելի են համարում` հղում անելով Վենետիկի հանձնաժողովի կանոններին, որով քվեարկված ցուցակների հրապարակումը համարվում է մասնակցության գաղտնիության իրավունքի խախտում: Քաղաքացիական հասարակությունը սա խախտում չի դիտարկում այն պահից, երբ ընտրատեղամասերում թույլատրվում է անարգել նկարահանել ընտրողներին: Բացի սրանից կան երկրներ, որտեղ ընտրացուցակների հրապարակայնացումը  չի արգելվում:   Նշենք, որ հայտարարությունը նախաձեռնել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, որին միացել է շուրջ քսան կազմակերպություն: ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոնեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  հղում անելով զարգացած երկրների փորձին` հիմնավորել են, որ գաղտնիության սահմանափակումը արդիական չէ:

Նշենք, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը օրեր առաջ NEWS.am-ի հետ զրույցում բացառել էր, որ Վենետիկի հանձնաժողովը գործնականում կվերանայի այս  դրույթը: Դանիել Իոնեսյանը ի պատասխան Դավիթ Հարությունյանի պնդմանը` նշեց Մեծ Բրիտանիայի օրինակը, որը ի հեճուկս Վենետիկի  հանձնաժողովի դրույթի, հրապարակում է ցուցակները:

«Ես ուզում եմ արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը Ազգային ժողովի վերադաս մարմինը չէ: Դրա պարզ օրինակը այն է, որ Մեծ Բրիտանիան հրապարակում է ընտրողների ցուցակներն` ի հեճուկս Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման, եւ դա որեւէ խնդիր չի հարուցում, եւ որեւէ մեկը չի ասի, որ Բրիտանիայի քաղաքացու իրավունքը  խախտվել է: Մենք փորձելու ենք, որ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը վերաձեւակերպվի, որ այնուամենայնիվ մասնակցիների ցուցակների հրապարակումը ավելի գերակա խնդիր է լուծում, քան գաղտնիության իրավունքը»,- նշեց նա:

 Ըստ մեր զրուցակցի` պահանջի հիմնական հասցեատերը ՀՀ իշխանություններն են,  բայց քանի որ նրանք անիրագործելի են համարում իրենց առաջարկը` մշտապես հղում  անելով հանձնաժողովի դրույթներին, նախաձեռնությունները մտադրվել են հասցեատերերի  ցանկը ընդլայնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ