News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է հետեւողական ջանքեր գործադրել հայ-սերբական կապերի խորացման դրական դինամիկան պահպանելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչի հետ հանդիպման ժամանակ նշել է Վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին՝ վարչապետը նշել է, որ հայ-սերբական բարեկամությունը դարերի պատմություն ունի, եւ անհրաժեշտ է հետեւողական ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման դրական դինամիկան պահպանելու, ինչպես նաեւ տնտեսական, մշակութային, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժն իրացնելու համար: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում եւ կարեւորել Հայաստանի ու Սերբիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը եւս փաստել է, որ հայ եւ սերբ ժողովուրդներն ունեն դարավոր պատմամշակութային կապեր, որոնք անհրաժեշտ է պահպանել եւ սերտացնել: Սերբիայի ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացումը, ինչն էապես կնպաստի բոլոր բնագավառներում փոխշահավետ համագործակցության ակտիվացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Սերբիայի միջեւ ներկայում ծավալվում է ինտենսիվ երկխոսություն, այդ թվում նաեւ՝ միջխորհրդարանական մակարդակով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս առումով երկուստեք կարեւորվել են փոխադարձ այցերն ու գործարար շփումները: Հանդիպմանն արծարծվել են նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրին՝ վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բացառապես խաղաղ ճանապարհով, եւ այս ձեւաչափից դուրս հիմնախնդրի որեւէ քննարկում վնասում է խաղաղ բանակցային գործընթացին: Իր հերթին տիկին Գոյկովիչը շեշտել է, որ Սերբիան մշտապես ընդգծում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, երկխոսության եւ խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Սերբիայի ԱԺ նախագահի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի եւ կնպաստի հայ-սերբական համագործակցության ակտիվացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ