Թուրքիան Հայաստանի ձեռքից տանում է իրանական բեռնային տարանցումները։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողներին ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանը զբաղված է «Հյուսիս-Հարավ» մայրուղով, Թուրքիան արդեն գործարկել է Իրանի հյուսիս-արեւմուտքից Իգդիր եւ Կարս քաղաքներով դեպի Սեւ ծով ճանապարհը։ «Քանի որ Իրանը գործարար երկիր է եւ չի սպասելու, թե Հայաստանը ճանապարհ կկառուցի, թե ոչ»,- ասել է Բագրատյանը։ Նա նշել է, որ նման տեմպերով եւ անարդյունավետ ծախսերով շատ երկար ենք ստիպված լինելու սպասել։ Բագրատյանը կոչ է արել հույսեր չփայփայել այն կապակցությամբ, թե Իրանը Թուրքիային չի սիրում, ուրեմն ամեն դեպքում Հայաստանի կողքին է։ «Ո՞վ է ձեզ ասել, թե չի սիրում։ Ինչու՞ չի սիրում։ Եվ դրանից ի՞նչ։ Այս հարցերին պատասխանելու փոխարեն, մենք ընկել ենք միամիտ ռոմանտիզմի գիրկը»,- հավելել է Հրանտ Բագրատյանը։