Ագարակ քաղաքում փետրվարի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքով մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 4-ին ժամը 22:15-ին «Մեղրիի ՏԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 52-ամյա Հարություն Բադալյանը՝ կրծքավանդակի առաջնային պատի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ծակած կտրած վերքեր, որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր, բարակ աղու ճարպոնի, աղու միջընդերքի վնասումով, դեմքի սալջարդ վերքեր եւ քթոսկրի կոտրվածք ախտորոշումով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ ձեռնարկել անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննությամբ պարզվել է, որ 2016թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքն ավազակության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող առարկաներով զինված, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Հ.Բադալյանի բնակարանին կից հագուստի վաճառասրահ։ Կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Հ.Բադալյանին նստեցրել են աթոռին, կապկպել կպչուն ժապավենով, սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ հասցրել որովայնի շրջանին եւ հափշտակելով վաճառասրահում եղած հագուստեղենն ու այլ ապրանքներ՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում փետրվարի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Օպերատիվ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապան քաղաքի բնակիչներ։ 2 կասկածյալները հայտնաբերվել են եւ փետրվարի 5-ին ձերբակալվել։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ փետրվարի 7-ին Կապանի երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Նույն օրը ՀԿԳ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։