1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը խզելու մասին Ռուսաստանի Պետդումայի ՌԴԿԿ-ի երկու պատգամավորների նախաձեռնությունն իրատեսական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
«Ընդհանրապես, անցյալի պայմանագրերին անդրադառնալը բավական անիմաստ զբաղմունք է: Բազմաթիվ պայմանագրեր կան՝ Թուրքմենչայի, Գյուլիստանի, Կարսի: Բայց դա արդեն պատմություն է, մեր այսօրվա օրը չէ: Այդ պատճառով կարծում եմ, որ այդ բոլոր նախաձեռնությունները ոչ մի հետեւանք չեն ունենա»,- ընդգծեց Սկակովը:
Նրա համոզմամբ, որեւէ պայմանագրի խզում չի լինի, քանի որ դա պարզապես անիմաստ գործ է: «Հարկավոր է հաշվի առնել այժմյան իրականությունը, այլ ոչ թե այն, ինչ եղել է 100 տարի առաջ»,- հավելեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ՌԴԿԿ-ից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով խզել 1921 թվականի մարտի 16-ին ՌՍՖՍՀ կառավարության եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ կնքված բարեկամության եւ եղբայրության մասին պայմանագիրը: