News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

271 բնակիչ ունեցող Լոռու մարզի Աթան գյուղից ամեն տարի մոտ 30 մարդ է մեկնում սեզոնային արտագնա աշխատանքի: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աթանի համայնքապետ Ռոլանտ Հակոբյանը: Նրա խոսքով, վերջին 3-4 տարում 5-6 ընտանիք հեռացել է գյուղից` բնակություն հաստատելով Ռուսաստանի Դաշնությունում:

Համայնքապետի կարծիքով` բնակիչները հեռանում են հիմնականում այն պատճառով, որ  Աթանում շատ են խնդիրները: Նրա խոսքով, ամենալուրջ խնդիրներից է հատկապես միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհի անմխիթար վիճակը: Մայրուղուց գյուղ ձգվող մոտ 28 կմ ճանապարհահատվածը նորոգման կարիք ունի, հատկապես անձրեւային եղանակներին այն դառնում է սողանքավտանգ, երբեմն էլ փլուզումներ են լինում:

 «Կտրված գյուղ է Աթանը` Մոտկորի վերջին գյուղը: Խմելու ջրի ցանցը վերանորոգելու է, ժամանցի վայրեր չկան ջահելների համար, գիշերային լուսավորություն չկա»,- ասաց Ռոլանտ Հակոբյանը:

Նրա խոսքով` Աթանի 7 մլն դրամ բյուջեն բավարար չէ այս խնդիրները լուծելու համար, միայն 4 մլն դրամը ծախսվում է գյուղապետարանի աշխատողների աշխատավարձերի վրա. «Մնացածին էլ փոսալցման, կամ այլ մանր-մունր աշխատանքներ են անում»:

Ռոլանտ Հակոբյանը կարծում է, որ համայնքների խոշորացումը կնպաստի Աթանի խնդիրների լուծմանը. «Ասել են, որ ինչ-որ գործեր կանեն: Որ խոստանում են,  ինչ-որ աշխատանքներ կարվեն, էլի»:

Տպել
Ամենաշատ