Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հավաքագրվելու մեջ մեղադրվող 4 հայերի գործով դատական նիստն այսօր` փետրվարի 10-ին, հետաձգվեց վկաներից 2-ի բացակայության պատճառով:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը, որոշում կայացրեց հաջորդ նիստին բերման ենթարկել գործով վկա, ամբաստանյալ Կարինե Ղումաշյանի որդուն` Դավիթ Կարապետյանին, իսկ նրա զինծառայող եղբորը` Տիգրան Կարապետյանի ներկայությունը նիստին ապահովել հրամանատարության միջոցով:
«Նրանք պատշաճ ծանուցված են եղել, բայց չեն ներկայանում նիստերին: Ես միտում եմ տեսնում, Կարինե Ղումաշյանի որդիները չեն ցանկանում մի գործով ցուցմունք տալ, որով իրենց մայրն ամբաստանյալ է»,- ասաց դատավոր Արշակ Վարդանյանը:
Նախքան դատական նիստի հետաձգվելը` ամբաստանյալներ Ռաֆիկ Պապոյանի եւ Կարինե Ղումաշյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել իրենց պաշտպանյալների` հարազատներին տեսակցելու եւ նրանց հետ հեռախոսակապի մեջ գտնվելու վերաբերյալ նախաքննական մարմնի արգելքը:
«Հաշվի առնելով, որ մյուս ամբաստանյալները ազատության մեջ են եւ ազատ շփվում են իրենց հարազատների հետ, սա խտրական վերաբերմունք է կալանավորված ամբաստանյալների նկատմամբ, որը կրկնակի մեկուսացում է առաջացնում: Գործն արդեն դատարանում է, եւ նրանք ոչ մի գաղտնիք չեն կարող հայտնել իրենց հարազատներին»,- միջնորդությունը այսպես հիմնավորեց պաշտպան Դավիթ Մնացականյանը:
Մեղադրողը առարկեց պատասխանող կողմի միջնորդությանը` պատճառաբանվելով, որ նախաքննական մարմինը նման որոշում հիմնավոր է, բացի դա գործը այժմ ապացույցների հետազոտման փուլում է, եւ ամբաստանյալների` հարազատների հետ կապի մեջ լինելը նպատակահարմար չէ:
Դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ միջնորդությունը կքննարկվի ասպացույցների հետազոտման, վկանների եւ ամբաստանյալների հարցաքննությունից հետո:
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 2-ին:
Նշենք, որ Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի կողմից եւ կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:
Կարինե Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը եւ 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին եւ այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ եւ հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «սկայպ» ծրագրի կամ «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
Դիանա Գորոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորաքրոջ աղջիկը հանդիսացող Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ, ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար եւ նվերներ է տրամադրել նրան, հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ Արման անունով ներկայացած այդ անձնավորությունը հանդիսանում է արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից: Գիտակցելով, որ խոսքը գնում է վերոհիշյալ Արմանի կողմից Կարինե Ղումաշյանին հավաքագրելու, ինչպես նաեւ Կ. Ղումաշյանի որդուն` Տիգրան Կարապետյանին հավաքագրելու նախապատրաստության, այն է նախապատրաստվող պետական դավաճանության մասին, Դիանա Գորոյանը այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:
Լուսանկարում`մեղարդյալ Կարինե Ղումաշյան, պաշտպան Դավիթ Մնացականյան
Լուսանկարում`դատավոր Արշակ Վարդանյան
Լուսանկարում`մեղադրյալ Սերգեյ Պապոյան
Լուսանկարում`մեղադրյալ Ռաֆիկ Պապոյան
Լուսանկարում`մեղադրյալ Ռաֆիկ Պապոյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյան
Լուսանկարում`մեղադրյալ Դիանա Գորոյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am