News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 14-ին Լոռու մարզում համայնքապետի ընտրություններ են: Համայնքների խոշորացման ծրագրով ընտրություններից հետո մարզում կմիավորվեն 7 համայնք` Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր: Կենտրոնը կլինի Թումանյանը:

Համայնքապետի ընտրություններում առաջադրված է մեկ  թեկնածու` ՀՀԿ անդամ, Թումանյան համայնքի գործող ղեկավար Լեւոն Զավարյանը:

Ինչպես Տավուշի եւ Սյունիքի մարզերում, Լոռու մարզում եւս փոքր համայնքների ղեկավարները չեն առաջադրել իրենց թեկնածությունն ընտրություններում:

Ահնիձորի համայնքապետ Վանիկ Քառյանը այսօր՝ փետրվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ չի ցանկացել առաջադրվել, քանի որ այս անցումային փուլում Թումանյանի համայնքապետին է հարմար տեսնում այդ պաշտոնում:

Աթանի համայնքապետ Ռոլանտ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը մեծ հույսեր է կապում համայնքների խոշորացման ծրագրի հետ, չնայած կատարվելիք ծրագրերի մասին պատկերացումներն այնքան էլ հստակ չեն. «Դե որ խոստանում են, ինչ-որ գործեր կանեն, էլի»:

Ռոլանտ Հակոբյանի խոսքով, ընտրություններից հետո էլ ապրելու է Աթանում, սակայն համայնքի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնել չի պատրաստվում. «Անասնապահությամբ կզբաղվեմ»:

Իսկ Լորուտի համայնքապետ Հրաչյա Սահակյանը չի դրել իր թեկնածությունը, քանի որ կարծում է, որ Թումանյանի գործող համայնքապետ Լեւոն Զավարյանը հաջողությամբ կկատարի նաեւ խոշորացած համայնքի ղեկավարի պարտականությունները:

«Ինքը շատ տարիների ղեկավարման փորձ ունի, դա պետք է հերիքի, որ մեծ համայնք էլ ղեկավարի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նրա խոսքով` ընտրություններից հետո ինքը կմնա գյուղում որպես համայնքի ներկայացուցիչ:

Տպել
Ամենաշատ