Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Կարեն Մանուկյանի վիճակը վատացել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը՝ նշելով, որ նա արդեն մեկ շաբաթ է միացված է արհեստական շնչառության ապարատին, անգիտակից վիճակում է:
Նշենք, որ մեզ հետ զրույցում Ռոբերտ Կուրղինյանը նշել էր, որ Կարեն Մանուկյանը ունի գլխուղեղի լուրջ վնասվածքներ:
Հիշեցնենք, որ ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Հրազդան բժշկական կենտրոնից Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված երկրորդ հիվանդին՝ Էդիկ Իսայանին փետրվարի 7-ին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ, նա արդեն ապաքինվում է:
Իսկ նույն ավտովթարից տուժած Կարեն Սադոյանին, որը գտնվում է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ, նա արդեն ապաքինվում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 պետհամարանիշներով ավտոմեքենաները: