News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի երկրաֆիզիկոսները հոռետեսական կանխատեսումներ են անում Երկիր մոլորակի ապագայի համար։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Nature Climate Change ամսագրում, փոխանցում է CBS News-ը։

Նրանց հիմնական եզրակացությունը հանգում է նրան, որ առաջիկա 10 հազար տարում գլոբալ տաքացումը եւ մարդածին գործոնները անդառնալի հետեւանքներ կունենա մոլորակի կլիմայի փոփոխության վրա։

Ամենապահպանողական գնահատականներով՝ առաջիկա հարյուրամյակների ընթացքում մթնոլորտ է արտանետվելու մոտ 1.28 մլրդ տոննա ածխածին։ Մեկ այլ սցենարի համաձայն՝ օդում կհայտնվի 9.5 մլրդ տոննա ածխածին, փոխանցում է Lenta-ն։

Մթնոլորտի քիմիական բաղադրության փոփոխությունները աղետալի են լինելու։ Օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա ավելի քան 2 աստիճան Ցելսիուսով, իսկ Գրենլանդիայի եւ Անտարկտիդայի սառույցների հալման հետեւանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակը 25 մետրով կբարձրանա։

Դրա հետեւանքը կլինի առափնյա քաղաքների հեղեղումը այն տարածքներում, որտեղ հիմա բնակվում է մեր մոլորակի բնակչության 19 տոկոսը։

Գիտնականները ներկայացրել են կլիմայի փոփոխության եւս 3 սցենար, որոնք նախատեսում են, որ մթնոլորտ արտանետվող ածխածնի քանակը կկազմի մինչեւ 5.12 մլրդ տոննա։ Բոլոր դեպքերում գիտնականների կանխատեսումները մարդկության համար լավատեսական չեն։

Իրավիճակը կարելի է փոխել միայն ածխածնի արտանետումները ամբողջովին դադարեցնելու կամ մթնոլորտից դրանց հեռացնելու միջոցներ ձեռնարկելու շնորհիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ