Հայաստանին այս պահին ձեռնտու չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելն ու Իրանին ներգրավելը, քանի որ Ադրբեջանն այդ պարագայում ցանկություն կհայտնի ակտիվացնել Թուրքիային։ Այս մասին փետրվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Նա հիշեցրել է, որ Իրանը ժամանակին միջնորդի դերում էր հանդես գալիս Ղարաբաղի հարցում եւ բավական դրական ազդեցություն է ունեցել խնդրի կարգավորման գործընթացի վրա։ «Ես կարծում եմ, որ պետք է պահպանել ստատուս քվոն եւ սպասել գործընթացի ավարտին»,- ընդգծել է Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ իրանի դիրքորոշումը հետեւյալն է. խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով։ «Իրանը շարունակում է հավասարակշռված քաղաքականությունը Կովկասի տարածաշրջանում եւ բավական ազդեցիկ խաղացող է դառնում»,- հավելել է իրանագետը։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտնել էր, որ Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։