News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինչու է Զարուհի Փոստանջյանն առաջադրվել ՄԻՊ թեկնածու, ի՞նչը չի բավականացնում նրան՝ որպես պատգամավոր,  պայքարել մարդու իրավունքների պաշտպանության համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության օրակարգով նիստի ժամանակ հարց է հնչեցրել ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը (ֆոտոռեպորտաժ):

Նա հետաքրքրվել է, թե ինչու է պատգամավոր Էդմոնն Մարուքյանը Զարուհի  Փոստանջյանին առաջադրել ՄԻՊ թեկնածու, ինչին Մարուքյանը պատասխանել է, որ Փոստանջյանի պատգամավորության իրավունքների եւ լիազորությունների շրջանակը խիստ տարբերվում է ՄԻՊ ինստիտուտի առաքելությունից։ «Որեւէ պատգամավոր չի կարող քաղաքացու  գործ ընդունել վարույթ, քննարկել այդ գործը, որոշում կայացնել մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ Տարբերությունն ուղակի անհամեմատելի է»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ նշել է. «Զարուհի Փոստանջյանը միակ թեկնածուն է, որ քաղաքականացված է, քաղաքական թիմի անդամ է, դիմում չի գրել, դուրս չի եկել ոչ քաղաքական թիմից, ոչ պատգամավորի մանդատից է հրաժարվել, որպեսզի վստահություն սերմանի, որ ինքը հետագայում զերծ կմնա որեւէ քաղաքական հայտարարությունից ու դիրքորոշումից: Քանի որ ընդդիմադիր դաշտում ընդգծված լիդերներից մեկն է»:

Սրան ի պատասխան Մարուքյանը նկատել է. «Դիմում չգրելու հետ կապված զարմանում եմ, որ նման հարց է տրվում: Սահմանադրությունն ու ՄԻՊ-ի մասին օերնքը հստակ սահմանում են, թե մարդու իրավունքների պաշտպանի պարտավորությունները: Ինչո՞ւ պետք է նա հիմա դիմում գրի եւ վայր դնի մանդատը»:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում, այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ԱԺ-ին ներկայացնելու հարցը: Թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, Էդմոն Մարուքյանի կողմից առաջադրված Զարուհի Փոստանջյանը եւ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ