News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում դեռ գործում է «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ն, որը ժողովրդի լեզվով կոչվում է «ԿԳԲ-ի պադվալներ», մենք պետք է վերացնենք այն: Այս մասին փետրվարի 12-ին՝ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության օրակարգով նիստի ժամանակ, իր ելույթում նշել է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը (ֆոտոռեպորտաժ):

«Մենք ՀՀ-ում առաջին հերթին խնդիր ունենք մարդու իրավունքների բնագավառում կրթության եւ լուսավորության առումով։ Եթե դու գիտակցում ես քո իրավունքը, ապա այդ իրավունքի իրացումը դառնում է ավելի դյուրին, եւ դու հասնում ես քո նպատակին։ Մենք պետք է ունենանք այս մշակույթը կրելու եւ կիրառելու ցանկությունը»,- ասաց Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ այս ոլորտում առկա խնդիրներից մեկն էլ այն, որ մենք դեռ չենք հաղթահարել ապախորհրդայնացման գործընթացը։ «Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս իր բեմից նշել է, որ գործում է Երեւան կենտրոն ՔԿՀ, ինչը ժողովրդի լեզվով կոչվում է «ԿԳԲ-ի պադվալներ»։ Մենք դա դեռ չենք վերացրել եւ օրենքի խախտմամբ բռնապետությունը դեռ կիրառության մեջ է Հայաստանում։ Այսինքն՝ Հայաստանում դեռ գործում է բռնապետության խորհրդանիշը։ Մենք սա պետք է դատապարտենք եւ վերացնենք։ Մենք Հանրապետության հրապարակից հանել ենք Լենինի արձանը, բայց դրա տեղում չունենք որեւէ խորհրդանիշ»,- ասել է Փոստանջյանը։

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում, այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, Անկախ պատգմավոր Էդմոն Մարուքյանի կողմից առաջադրված Զարուհի Փոստանջյանը եւ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը:

Տպել
Ամենաշատ