News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Որպեսզի Սահմանադրությունը դառնա արժեք, այն պետք է կիրառություն ստանա:  Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է ՄԻՊ թեկնածու, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե եթե Փոստանջյանը հիմա սահմանադրական փոփոխությունները չակերտավոր է համարում, իր ընտրվելուց հետո է՞լ է այդպիսին  լինելու իր վերաբերմունքը, Փոստաջյանը պատասխանել է. «Երբ յուրաքանչյուրս Սահմանադրությունը կյանքի կոչի, որ այն քաղաքացիներին իրոք պաշտպանի, այդ ժամանակ այն կդառնա բոլորի համար արժեք: Հայտարարություններով չէ, որ որոշվում է, որ այն արժեք է»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում իր իրավապաշտպան գործընկերների կողմից ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածության մասին դրական կարծիքին, Փոստանջյանը նշել է. «Չեմ կարող ասել, որ նա արատավոր երեւույթներով է հանդես եկել, բայց այն որ ես իրեն չեմ ճանաչում, եւ հանրությունը չի ճանաչում, միանշանակ է։ Իմ գործընկերները նույնպես դա նշել են։ Տվյալ անձը չի համապատասխանում Սահմանադրությամբ նշված ճանաչելիության շեմին։ Ես չեմ  կարող ասել, որ նա պարոն Լիսկայի նման թեկնածու է: Այո, նորմալ պարկեշտ անձնավորություն է»:

Նշենք, որ  պետաիրավական հանձնաժողովում Զարուհի Փոստանջյանի օգտին կողմ քվեարկելու են հակված 12 անդամից 5-ը, որոնք նշել են այդ մասին։ Նրանք են Էդմոն Մարուքյանը, Հովհանես Մարգարյանը (ՕԵԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ) եւ ինքը՝ Զարուհի Փոտանջյանը։ Դեռ հստակ չէ ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանի վերաբերմունքը։ Եթե նա կողմ քվեարկի Զարոհի Փոստանջյանի թեկնածությանը, հանձնաժողովը կբաժանվի 2 խմբի: Սակայն նշենք, որ Արծվիկ Մինասյանն ու Տիգրան Ուրիխանյանը խոստացել են քվեարկել նաեւ Թաթոյանի օգտին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում, այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, Անկախ պատգմավոր Էդմոն Մարուքյանի կողմից առաջադրված Զարուհի Փոստանջյանը եւ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը:

Տպել
Ամենաշատ