News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր՝ փետրվարի 12-ին, ՄԻՊ-ի թեկնածու է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Նրա օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամներից 7-ը, Զարուհի Փոստանջյանի օգտին քվեարկել է 5 պատգամավոր, իսկ Նարեկ Ալումյանի օգտին՝ 2 պատգամավոր:

Ըստ այդմ, օրենսդրության համաձայն, ԱԺ պետաիրավական հանձնաժողովը Արման Թաթոյանի թեկնածությունը կներկայացնի ԱԺ լիագումար նիստին:

Նախքան քվեարկությունը Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջանգիրյանը հայտարարել է, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը: Նա իր ելույթում նշել է, որ դա խմբակցության որոշումն է եւ խմբակցությանը կհրաժարվի մասնակցել նաեւ ԱԺ լիագումար նիստի քվեարկությանը:

Ջհանգիրյանը կարճ ելույթ է ունեցել միայն այն պատճառով, որ նիստի ժամանակ շոշափվել էր մարտի 1-ի թեման: «Ես ելույթ չէի ունենա, եթե չբարձրացվեր մարտի մեկի հարցը: Ես այսօր ոչ մեկի՝ ոչ օգտին, ոչ դեմ չեմ քվեարկելու: Արման Թաթոյանը բացասական առումով այն բացառիկներից է, որ առնչություն չի ունեցել մարտի մեկի հետ, այլ եղել է մեկ այլ փոխնախարար, որ Եվրադատարանում հանդես է եկել: Անունն էլ չեմ ուզում տալ»,-ասել է Ջհանգիրյանը:

Եզրափակիչ ելույթի ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ըստ էության, աջակցեց իշխանության թեկնածու Արման Թաթոյանին:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում, այսօր՝ փետրվարի 12-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուները երեքն էին՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից առաջադրված Զարուհի Փոստանջյանը եւ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ