News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քուվեյթում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը NEWS.am-ի հետ հարցազրույցում պատմում է հայ-քուվեյթյան փոխհարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի մասին:

Պարոն դեսպան, արդեն 5 տարի է, ինչ ՀՀ դեսպանն եք Քուվեյթում։ Ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ աշխատանքներ է Ձեզ հաջողվել իրականացնել այս տարիների ընթացքում։ Որո՞նք են եղել այս տարիների գլխավոր ձեռքբերումները: 

Քուվեյթում ՀՀ դեսպանությունը հիմնադրվել է 2010թ. ապրիլին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 2009թ. Քուվեյթի Պետություն կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված համաձայնության հիման վրա։ Անցած ավելի քան հինգ տարիների ընթացքում մեծ առաջընթաց է արձանագրվել երկկողմ հարաբերությունների զարգացման բազում ոլորտներում, մասնավորապես, քաղաքական, տնտեսական, զբոսաշրջության, մշակութային, գիտակրթական։ Հայ-քուվեյթական քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, որի վառ ապացույցն է անցած տարիների ընթացքում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում` նախորդ տարվա մարտին տեղի ունեցած ՀՀ վարչապետի այցը Քուվեյթ, ինչպես նաեւ ավելի վաղ` ՀՀ արտաքին գործերի նախարարի այցելությունը։ Քուվեյթական կողմից կարող եմ նշել Քուվեյթի Պետության ԱԺ նախագահի, Քուվեյթի փոխվարչապետի, ֆինանսների նախարարի, Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան կատարած այցերը։ Աշխատանքներ են տարվում նոր բարձր մակարդակով փոխայցելություններ կազմակերպելու ուղղությամբ, ինչը նոր որակ կհաղորդի մեր երկկողմ քաղաքական հարաբերություններին։

Այս համատեքստում պիտի նշեմ նաեւ հայ-քուվեյթական համատեղ միջկառավարական հանձնաժողովը, որի արդեն երկրորդ նիստը գումարվեց 2015թ. դեկտեմբերին Քուվեյթում` ՀՀ ՏԿԱԻ նախարարի եւ Քուվեյթի պետության փոխվարչապետ եւ ֆինանսների նախարարի համանախագահությամբ: Նշեմ նաեւ, որ այս այցերի ընթացքում ստորագրվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր, որոնցից կարող եմ առանձնացնել երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու շուրջ համաձայնագիրը։ Ասեմ, որ այժմ աշխատանքներ ենք տանում, որպեսզի ՀՀ անձնագրերով Քուվեյթի մուտքի արտոնագիր հնարավոր լինի ստանալ երկիր մուտք գործելու պահին՝ օդանավակայանում։

Բավական ակտիվ է զարգանում նաեւ տնտեսական համագործակցությունը: Քուվեյթական շուկա է ներկրվում հայկական շշալցված ջուր, մրգաչիր, հյութեր, մանր եղջերավորի միս: Թեեւ պետք է նշել, որ առեւտրատնտեսական ոլորտը դեռեւս հեռու է մեր պատկերացրած մակարդակից եւ հարատեւ համատեղ աշխատանքի կարիք ունի: Հայկական մի շարք մասնավոր ընկերություններ մասնակցել են Քուվեյթում կայացած ցուցահանդեսներին, եւ մոտ ապագայում մենք ակնկալում ենք հայկական նոր ապրանքատեսակների մուտքը քուվեյթյան շուկաներ: Հայաստանի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերվում նաեւ Քուվեյթի մասնավոր գործարար շրջանակների կողմից, մասնավորապես, ներդրումներ են իրականացվել անշարժ գույքի, գյուղատնտեսական նշանակության հողերի, շինարարության ոլորտներում։

Քուվեյթցիների շրջանակում առկա է նաեւ աշխույժ հետաքրքրություն Հայաստանի հանդեպ` որպես տուրիստական ուղղություն։ Տարեց տարի զգալիորեն ավելանում է մեր երկիր այցելող քուվեյթցի զբոսաշրջիկների թիվը։ Մոտ ժամանակներում ակնկալում ենք ուղիղ չվերթի բացում, որն էլ ավելի կընդլայնի զբոսաշրջիկների հոսքը, ինչպես նաեւ մեծապես կխթանի գործարար կապերը:

Աշխույժ է նաեւ մշակութային փոխգործակցության ոլորտը։ Անցած տարիների ընթացքում կայացել են Հայաստանի մշակութային օրեր Քուվեյթում եւ Քուվեյթի մշակութային օրեր Հայաստանում, կողմերը հանդես են եկել փոխադարձ մի շարք համերգներով, ցուցահանդեսներով։

Սերտ համագործակցություն է ձեւավորվել կրթական փոխանակման ոլորտում։ Ձեռք բերված համաձայնության հիման վրա արդեն մի քանի տարի է մեր ուսանողները հնարավորություն ունեն արաբերենի մեկամյա դասընթացներ անցնել Քուվեյթի համալսարանի Լեզուների ուսուցման կենտրոնում։ Այժմ Հայաստանի ուսանողների համար Քուվեյթն արդեն առանձնացնում է հինգ կրթաթոշակ, եւ մեր ակտիվ քայլերի շնորհիվ մեզ տրամադրվող տեղերը յուրաքանչյուր տարի ավելացվում են։

2015թ. ընթացքում տեղի ունեցան մի շարք երկկողմ փոխայցելություններ, այդ թվում` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակության այցը Քուվեյթ: Դեկտեմբերին նաեւ Էլ-Քուվեյթում կայացավ հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: 2016թ.-ի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան:

Այո, ինչպես արդեն նշեցի, 2015թ. մարտին կայացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակության այցը Քուվեյթի Պետություն, իսկ դեկտեմբերին` ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ ՔՊ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անաս Խալեդ Ալ-Սալեհի համանախագահությամբ Էլ-Քուվեյթում անցկացվեց հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Այս երկու միջոցառումների ընթացքում ստորագրվեցին մի շարք կարեւոր փաստաթղթեր, որոնք կընդլայնեն հայ-քուվեյթյան արդյունավետ փոխգործակցության ճակատը: Հանդիպումների ընթացքում թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ ՏԿԱԻ նախարարը հրավիրել են իրենց գործընկերներին այցելել Հայաստան, ինչի ուղղությամբ ներկայումս քայլեր են ձեռնարկվում:

Առաջիկայում եւս մի շարք փոխայցելություններ ենք ակնկալում, որոնց մասին հանրությունը պատշաճ ժամկետներում կտեղեկանա:

Հայտնի է, որ Քուվեյթում հայկական գաղութը հիմնվել է դեռ նախորդ դարի 50-ական թվականներին, իսկ այսօր երկրում բնակվում է շուրջ 6 հազար հայ։ Ինչպիսի՞ գործունեությամբ է հիմնականում զբաղվում հայկական համայնքը եւ ինչպիսի՞ ներգրավվածություն ունի երկրի բիզնես գործունեության մեջ։

Հայկական համայնքը ճանաչում եւ հարգանք է վայելում Քուվեյթում: Այստեղ գործում է հայկական դպրոց եւ Սրբ. Վարդանանց եկեղեցին։ Կան մի շարք համայնքային կառույցներ, մշակութային խմբեր, ինչպիսին օրինակ «Շաքե» պարային համույթն է, «Բարսեղ Կանաչյան» երգչախումբը:

Քուվեյթահայ համայնքը հիմնականում ներկայացված է բիզնես ոլորտում։ Մենք, բնականաբար, սերտ համագործակցություն ենք ծավալել համայնքի հետ եւ դեսպանության հիմնումից ի վեր մշտապես միմյանց թեւ ու թիկունք ենք հանդիսացել։ Առհասարակ` հայ համայնքը կամրջող դերակատարություն ունի հայ-քուվեյթյան հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման գործում, ինչը եւ մեծապես նպաստեց դեսպանությանը պատշաճ մակարդակով ներկայանալու Քուվեյթում։ Դեսպանությունը համայնքի հետ իրականացրել է բազմապիսի միջոցառումներ, որոնցից ցանկանում եմ հատկապես առանձնացնել Քուվեյթի Ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանի տոնակատարություններն ու այս կապակցությամբ  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Քուվեյթ, ինչպես նաեւ անցած ողջ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համատեղ իրականացված մի շարք միջոցառումները։

Դեսպանությունը աշխատանքներ է տանում նաեւ հայկական համայնքի ներգրավվածությունը համահայկական ծրագրերում ապահովելու ուղղությամբ, եւ այս առումով պետք է նշեմ, որ ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի քուվեյթյան մասնաճյուղ, որն իր աշխատանքները սկսեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի Քուվեյթ կատարած այցից հետո։

Ի՞նչ ազդեցություն ունեցավ սիրիական ճգնաժամը դեպի Քուվեյթ ձգվող հայկական համայնքի հոսքի վրա:

Նախ պետք է նշեմ, որ սիրիական ճգնաժամի հետեւանքում Քուվեյթ եկած սիրիահայերի թիվը փոքր է: Հիմնականում Քուվեյթ են տեղափոխվել այստեղ մերձավոր ազգականներ ունեցողները: ՀՀ դեսպանությունն իր հերթին աջակցել է որոշ սիրիահայերի` միջնորդելով մուտքի արտոնագրերի ստացման համար: Ակտիվորեն աջակցում ենք նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացող սիրիահայերին: Սիրիահայերի հետ կապված չեմ կարող նաեւ չնշել, որ Քուվեյթը երկու անգամ դրամական օգնություն տրամադրեց Հայաստանում ապաստանած մեր քույրերին եւ եղբայրներին, որի համար հայկական կողմը երախտապարտ է եւ լիահույս, որ աջակցությունը կունենա շարունակական բնույթ:

Արաբական տնտեսական զարգացման քուվեյթյան հիմնադրամը (KFAED) դեռ մի քանի տարի առաջ շահագրգռվածություն էր հայտնել Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու գործում, եւ այդ մտադրությունը կրկին վերահաստատվել էր ՀՀ վարչապետի 2015թ.-ին Քուվեյթ կատարած այցի շրջանակներում: Ի՞նչ զարգացումներ կան այս հարցում:

Դեսպանությունն ակտիվ եւ սերտ համագործակցում է Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի հետ: Հիմնադրամն իր հերթին ընդգծել է հայաստանյան կողմի առաջարկած ծրագրերից մեկի վարկավորումը ստանձնելու իր պատրաստակամությունը: Մոտ ժամանակներս նախատեսվում է Հիմնադրամի մասնագետներից կազմված պատվիրակության աշխատանքային հերթական այցը Հայաստան: Այս կապակցությամբ պետք է նշեմ, որ մեզ համար առաջնահերթություն են ներկայացնում գյուղատնտեսական եւ սոցիալական ոլորտի ծրագրերը: 

2015թ.-ին լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ներկայացրեք, խնդրեմ, տարելիցի շրջանակներում Քուվեյթում կազմակերպված հիմնական միջոցառումները:

Ինչպես արդեն նշեցի` 100-րդ տարելիցի միջոցառումները կյանքի կոչելու գործում գրանցվել է ակտիվ եւ սերտ համագործակցություն Քուվեյթում ՀՀ դեսպանության եւ քուվեյթահայ համայնքային բոլոր կառույցների միջեւ: Դեսպանության անմիջական մասնակցությամբ հաջողությամբ գործել է միջոցառումները համակարգող հանձնախումբը, որի գումարած մի շարք նիստերի ընթացքում քննարկվել, ուրվագծվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցը, դրանց իրականացման կազմակերպչական աշխատանքները:

Փետրվարին Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանության եւ ՀՄԸՄ ջանքերի շնորհիվ՝  Քուվեյթի սկաուտական միության հետ համագործակցությամբ կայացավ մարաթոնյան վազք: Հայ մարզիկների մասնակցությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Անկախ ազգությունից` բոլոր մարզիկներն իրենց շապիկներին կրում էին Մեծ Եղեռնի հարյուրամյակի խորհրդանիշ անմոռուկը:

Տարվա ընթացքում Քուվեյթի Հայ Ազգային վարժարանում դեսպանության եւ համայնքի համատեղ ջանքերով իրականացվեցին դասախոսություններ` երիտասարդ սերնդի ունկդիրների համար:

Ապրիլի 23-ի երեկոյան Քուվեյթում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ մասնակցությամբ Սբ. Վարդանանց եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ ոգեկոչման միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց գեղարվեստական հայտագիր, համայնքի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները հանդես եկան ազգային-ազատագրական երգերի կատարմամբ: Երեկոյի շրջանակներում համայնքի ներկայացուցիչներն ասմունքեցին հատվածներ հայ դասականների` օրվա խորհրդին նվիրված ստեղծագործություններից, հնչեցին դաշնամուրային եւ երգչախմբային կատարումներ: Մեր մասնակցությամբ նույն օրը Քուվեյթի Սբ. Վարդանանց եկեղեցու բակում տեղի ունեցավ հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը:

Ապրիլի 24-ի առավոտյան Քուվեյթի Սբ. Վարդանանց եկեղեցում պատարագ մատուցվեց, որին ՀՀ դեսպանության դիվանագետների եւ քուվեյթահայ համայնքի հոծ ներկայացուցիչների հետ մեկտեղ ներկա գտնվեցին նաեւ Քուվեյթում Վատիկանի ներկայացուցիչը, Քուվեյթում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, ինչպես եւ Քուվեյթի հասարակական կարկառուն գործիչներ:

Ապրիլի 24-ի երեկոյան կայացավ Հայաստանի դեսպանության եւ համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկո: Երեկոյի շրջանակներում հնչեցին բանախոսների օրվա խորհրդին նվիրված ելույթներ, համայնքային կառույցները ներկայացան նաեւ մշակութային համարներով:

Մայիսին տեղի է ունեցել մեկ այլ գեղարվեստական երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նույն ամսին տեղի է ունեցել Ազգային երգչախմբի ելույթը կրկին նվիրված 100-րդ տարելիցին:

Սեպտեմբերին ՀՀ դեսպանության եւ համայնքային կառույցների ակտիվ համագործակցության շնորհիվ իրականություն է դարձել Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարի բացումը Սբ. Վարդան եկեղեցու բակում:

Մեր այս հարցն ուղղում ենք բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Մշտապես մտապահել, որ դիվանագիտությունը, հակառակ երեւացող արտաքին «փայլի», առաջին հերթին ամենօրյա մանրակրկիտ եւ պատասխանատու աշխատանք է։ Դիվանագետի մասնագիտությունն ընտրողները պետք է պատրաստ լինեն անմնացորդ տրվել այդ աշխատանքին՝ երբեմն սեփական ընտանիքի, երեխաների, հարազատների եւ ընկերների հետ չանցկացված ժամանակի հաշվին, անձնական նախասիրությունների եւ հետաքրքրությունների զոհաբերման գնով։ Պետք է հիշեն նաեւ, որ դիվանագիտական ծառայության ծանրությունը կրելու են ոչ միայն նրանք անհատապես, այլեւ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ պահին կտրվելով հարազատ կամ արդեն հարազատացած միջավայրից, շրջապատից, տեղափոխվել նոր, անհայը վայր, հիմքից սկսել կառուցել նոր հարաբերություններ նոր միջավայրում։ Միեւնույն ժամանակ դիվանագետի բարձր կոչումը որքան պատասխանատու, նույնքան եւ պատվաբեր է, ու պետք է երիցս պատվով ու փառքով կրել այն՝ հիշելով, որ մեր երկրի սահմանի առաջնագիծն անցնում է ոչ միայն խրամատներով, այլեւ արտերկրում հավատարմագրված մեր դիվանագիտական ներկայացուցչություններով։

Ֆադեյ Չարչօղլյան

Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Ծննդյանի թիվը եւ վայրը՝ 09.07.1973թ., ք.Երեւան, Հայաստան

Կրթությունը՝ 1990-1995թթ. Երեւանի Պետական ճարտարագիտական համալսարան

Տեխնիկական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն

01.06-26.08.1996թ. ՀՀ ԱԳՆ ֆունկցիոնալ խնդիրների վարչություն, Կցորդ

26.08.1996-01.11.0997թթ. ՀՀ ԱԳՆ երկկողմ տնտեսական Հարաբերությունների բաժնի կցորդ

01.11.1997-20.03.1999թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության կցորդ

20.03.1999-20.05.2002թթ. Եգիպտոսում ՀՀ դեսպանության երրորդ Քարտուղար, երկրորդ քարտուղար, հյուպատոս

24.05.2002-18.04.2003թթ. ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության երկրորդ քարտուղար

18.04.2003-01.08.2005թթ. ՀՀ ԱԳՆ ՊԱԾ դիվանագիտական անձնակազմի բաժնի պետ, ղեկավարի տեղակալ պ/կ

01.08-15.11.2005թ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար

16.11.2005-29.03.2010թթ. ՀՀ Նախագահի արարողակարգի ղեկավար

ՀՀ Նախագահի 2010 թվականի մարտի 29-ի հրամանագրով նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Դիվանագիտական աստիճան

Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

Օտար լեզուներ

Անգլերեն, ռուսերն, արաբերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր

Զրույց դեսպանի հետ. Ռաիսա Վարդանյան

Զրույց դեսպանի հետ. Արտակ Ապիտոնյան

Զրուց դեսպանի հետ. Աշոտ Սմբատյան

Զրույց դեսպանի հետ. Տիգրան Սեյրանյան

Զրույց դեսպանի հետ. Միքայել Մինասյան

Զրույց դեսպանի հետ. Օլեգ Եսայան

Զրույց դեսպանի հետ. Արշակ Փոլադյան

Զրույց դեսպանի հետ. Համլետ Գասպարյան

Զրույց դեսպանի հետ. Արմեն Սարգսյան

Զրույց դեսպանի հետ. Գրիգոր Հովհաննիսյան

Զրույց դեսպանի հետ. Ձյունիկ Աղաջանյան 

Զրույցդեսպանի հետ. Տիգրան Գեւորգյան

Զրույցդեսպանի հետ. Հրանտ Պողոսյան

Զրույցդեսպանի հետ. ԱրաՍահակյան

Զրույցդեսպանի հետ. Գագիկ Ղալաչյան

Զրույցդեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույցդեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ