News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահն իր ելույթում հորդորել է ավելի լավ աշխատել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ նախագահի նստավայրում պաշտոնատար անձանց հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով, ՀՀ նախագահը ներկայացրել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ է անել ավելի ժողովրդավարական պետություն կառուցելու համար:

NEWS.am-ի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը խոսել է այդպիսի երկիր ունենալու հարցում Դաշնակցության ներուժի անհրաժեշտության մասին, Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, կոնկրետ կուսակցությունների մասով անուններ չասվեց, բայց փաստորեն ճիշտ է, որ եթե կան ուժեր, կուսակցություններ, որտեղ նոր կադրեր կան, որոնք կարող են առավելն անել, ինչո՞ւ ոչ»:

Հարցին, թե ինչի՞ց էր դժգոհ նախագահը եւ ինչ է քննարկվել հանդիպմանը, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Նախագահը հորդորեց ավելի լավ աշխատել։ Ես կարծում եմ պետք է կրկնապատկել ուժը եւ եռանդը։ Միշտ էլ կա լավից լավը։ Նա բաց եւ հստակ խոսեց հանրապետության ներքին եւ արտաքին վիճակի մասին՝ նշելով, որ պետական պաշտոնյաները պետք է ավելի լավ աշխատեն։ Մեր կողքին կան գրագետ անձինք, որոնք հիմնականում երիտասարդներն են, նրանց պետք է գտնել, ուժ տալ ոգեւորել»։

Հակոբյանի խոսքով՝ իր համար կարեւոր է նախագահի այն շեշտադրումը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ամենամեծ արժեքն են, իսկ մնացածը պետք է դրանից բխի։ «Նախագահը շեշտադրեց նաեւ սփյուռքի ներուժը, որը պետք է ճիշտ օգտագործել։  Նոր սահմանադրությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն ավելի արդար ազատ եւ ժողովրդավարական պետություն կառուցելու համար։ Դրանք պետք է լինեն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալ-մշակութային առումով»,- ասել է Հակոբյանը։

NEWS.am-ի դիտարկմանը, թե ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարել էր, թե իշխանությունը հեղինակազրկված է, արդյոք համաձայն է նման գնահատականի հետ, Հակոբյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, իշխանության մեր գործունեության մեջ կան եւ լավ կողմեր, եւ վատ, եւ սխալներ եւ թերություններ: Իսկ եթե հեզինակազրկվածներ կան, պետք է գնան»:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ նախագահը հանդես է եկել ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ