News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տնտեսական տեսանկյունից Հայաստանը 2015 թվականը բավականին սահուն անցավ, ցուցանիշներն էլ շահեկանորեն տարբերվում են մեր լայն տարածաշրջանի երկրներից։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 12-ին Նախագահի նստավայրում հյուրընկալելով օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին։

«Նախորդ տարիներին մեկնարկած մարտահրավերները նորովի են ներկայանում նաեւ մեր տնտեսության առջեւ՝ առաջ բերելով նոր ջանքերի, տնտեսական ծրագրերի եւ յուրահատուկ մոտեցումների ներդրման հրատապ անհրաժեշտություն: Փոփոխված Սահմանադրությունը ժամանակի ընթացքում կապահովի նաեւ այն իրավական հենքը, որն անհրաժեշտ է տնտեսության զարգացման եւ ավելի արագ առաջ մղման համար: Սակայն առանց այսօրվա անհրաժեշտ գործողությունների համալիրի հնարավոր չի լինելու ապահովել առաջընթացը»,- նշել է նա:

Ըստ նախագահի, այսօր տնտեսական քաղաքականության պատասխանատուների օրակարգի առաջին հորիզոնականում պետք գտնվեն հետեւյալ հարցերը.

- Առաջինը մակրոտնտեսական կայունության հետագա ապահովումն ու ամրապնդումն է: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են գլոբալ զարգացումների համատեքստում մեր տարածաշրջանում եւ այլուր երկրները բախվում մակրոտնտեսական անկայունությունների հետ, որոնց ձգձգման պարագայում առաջ է գալիս տնտեսական ճգնաժամի վտանգ:

Այս տեսանկյունից 2015 թվականը մենք բավականին սահուն անցանք, ցուցանիշներն էլ շահեկանորեն տարբերվում են մեր լայն տարածաշրջանի երկրներից: Հայաստանում 2015 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 3,1 տոկոս, որն ամենաբարձրն է մեր անմիջական տնտեսական միջավայրում: Միեւնույն ժամանակ տարեկան միջին գնաճը կազմել է 3,7 տոկոս, որն ամենացածրն է այդ նույն միջավայրում: Նմանատիպ պատկեր ունենք նաեւ ազգային արժույթի վարքագծում: Հայկական դրամը դոլարի նկատմամբ 2015թ. դեկտեմբերի վերջին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ արժեզրկվել է 1,8 տոկոսով: Սա ազգային արժույթի արժեզրկման ամենացածր ցուցանիշն է նույն երկրների շարքում: Նշեմ նաեւ, որ 2015 թվականին հանրապետությունում միջին ամսական աշխատավարձն աճել է 7,8 տոկոսով՝ կազմելով 184 441 դրամ, ընդ որում աճը պետական համակարգում կազմել է 8,2 տոկոս, եւ 7 տոկոս՝ մասնավոր հատվածում:

«Արտաքին բացասական ազդակներն այսօր էլ շարունակվում են, եւ մենք աշխատանքի նույն տեմպը պահելու խնդիր ունենք: Այս առումով խիստ կարեւորվում է հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների խելամիտ եւ էլ ավելի կոորդինացված իրականացումը: Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի դիսցիպլինար՝ մեծ ուշադրություն դարձնելով ինչպես հարկահավաքման սահունությանը, այնպես էլ ծախսերի կատարման արդյունավետության վրա: Բոլոր պետական գերատեսչությունները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն մեծացնելու յուրաքանչյուր ծախսված բյուջետային միջոցի ստեղծած արդյունքը:

Թեեւ անցած ժամանակահատվածներում մեզ հաջողվել է ֆինանսական շուկաները զերծ պահել անհարկի վայրիվերումներից, ապագայում պետք է ապահովել անհրաժեշտ զգոնությունը՝ օպերատիվ կերպով հակազդելու ֆինանսական շուկաներ ներթափանցած բացասական ազդեցություններին: Վստահ եմ, որ Կենտրոնական բանկն ունի կարողություններ եւ մշակված անհրաժեշտ գործիքակազմ իր խնդիրներն իրագործելու եւ ժամանակին արձագանքելու արտածին բացասական գործոններին»,- նշել է Սարգսյանը:

«- Հաջորդը ներդրումային միջավայրի հետագա բարելավումն է եւ նոր ներդրումների ներգրավումը: Այո՛, 2015թ. տնտեսական տարվա 3.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը ներկա իրավիճակում, ի համեմատություն տարածաշրջանի եւ Հայաստանի գործընկեր երկրների, հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ: Սակայն տնտեսական աճի այդ մակարդակը բավարար չէ միջնաժամկետում հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով լրացուցիչ ջանքեր է պետք գործադրել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործընթացների արագացման եւ նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: Ընդ որում, ընդունված կանոն է, որ արտաքին աշխարհից ներդրումների ներհոսքի համար մակրոտնտեսական կայունությունը եւ բարենպաստ բիզնես միջավայրը պարտադիր, սակայն ոչ բավարար պայմաններ են. անհրաժեշտ է կատարվող աշխատանքներին զուգահեռ մեր երկրի հարաբերական առավելությունները ներդրումներ կատարելու տեսանկյունից ճիշտ փաթեթավորել եւ արտաքին ներդրողներին ներկայացնել:

- Տնտեսավարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, անհրաժեշտ օժանդակության եւ տնտեսական խթանների տրամադրում: Յուրաքանչյուր երկրում տնտեսական առաջընթաց դիտարկվում է, երբ տնտեսավարողները գործունեություն ծավալելու եւ ընդլայնելու հստակ հեռանկար են տեսնում: Իսկ օբյեկտիվ գործոնների ներքո իրացման շուկաներում պայմանների վատթարացման դեպքում այդ հեռանկարները մշուշվում են՝ թուլացնելով տնտեսավարողների մոտ գործունեություն ծավալելու խթանները: Հետեւաբար մեզ համար գերխնդիր պետք է լինի օպերատիվ կերպով ախտորոշել ներմուծման հետ մրցող եւ արտահանող ընկերությունների կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրների առաջացման պատճառները եւ առկա գործիքակազմի զարգացման կամ նորի ստեղծման միջոցով նոր ազդակներ հաղորդել տնտեսավարողներին: Անհրաժեշտ է նաեւ ակտիվացնել պետություն-մասնավոր համագործակցության գործող հարթակները՝ այդ թվում գործող արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ստեղծված գործարար խորհուրդները, որոնք ավելի կդյուրացնեն վերոնշյալ խնդիրների լուծումը:

- Եվ ի վերջո, այստեղ մեկ անգամ էլ հիշատակեմ այն սկզբունքները, որոնց մասին մենք միշտ խոսում ենք: Ինչպես արդեն պնդեցի քիչ առաջ, երբեք չեմ խորշելու կրկնել հիմնարար սկզբունքները: Խոսքս, իհարկե, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման եւ հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների եւ վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է: Անշուշտ, այստեղ էլ կարելի է ասել, թե իրականությունը հետ է մնում հռչակած նպատակներից. դա իրոք այդպես է: Բայց նախ դա ամենեւին չի նշանակում, որ առաջընթացը պետք է չտեսնելու տանք, եւ երկրորդ՝ դրված նպատակների եւ իրականության միջեւ առկա խզումը մեզ պետք է ոչ թե մղի չխոսելու նպատակների մասին, այլ պետք է մղի համարժեք քայլերով արագացնելու այդ նպատակների ձեռքբերումը»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Տպել
Ամենաշատ