News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 12-ին Նախագահի նստավայրում հյուրընկալելով օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին։

«Հայաստանի իրավիճակի քննարկումը հնարավոր չէ առանց արտաքին աշխարհի ազդեցությունը հստակ գնահատելու:

Սակայն այստեղ պետք է հստակ գնահատենք արտաքին ազդակների տեղն ու դերը: Այո՛, մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված եւ հաճախ խիստ հակասական ու դժվարությունն այն է, որ շատ պարագաներում այդ միջավայրը նաեւ անկանխատեսելի է: Բացի դրանից, Հայաստանը համաշխարհային տնտեսական համակարգի մաս է կազմում, ուստի եւ չի կարող խուսափել նաեւ համաշխարհային շուկայի ազդակներից:

Սակայն դա բնավ չի նշանակում, որ մենք այդ ամենի հետ պետք է համակերպվենք: Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն»,- ասել է նախագահը:

Նրա խոսքով, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս եւ գիտենք վաղուց: Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունն այն արդյունքը չի տվել, որ իրենք կցանկանային տեսնել: «Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի եւ ուժի դիրքերից: Այդ ձեւով մեզ հետ խոսելն անհեռանկար է եւ որեւէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչեւ այսօր:

Արցախի հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախի խնդիրը լուծվում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են դրանից եւ իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որեւէ այլ հարց լուծում գտնել չի կարող»,- նշել է նա:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից՝ Սարգսյանն ասել է, թե որեւէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում:

«Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք եւ հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում եւ չենք կապելու:

Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից եւ Մարտունուց դեպի արեւելք եւ Գյումրուց ու Արմավիրից արեւմուտք մենք որեւէ իսկական գործընկեր չունենք: Մինչեւ հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»,- ասել է նախագահը:

Ըստ նախագահի, եր մյուս երկու հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում: «Ակնհայտ է, որ այստեղ մենք որեւէ խնդրի չենք բախվել: Այս երկրների հետ փոխգործակցությունը մեզ համար թանկ է, եւ մենք նույն ոգով շարունակելու ենք աշխատել Թբիլիսիի եւ Թեհրանի հետ:

Ընդհանուր առմամբ, մեր արտաքին քաղաքականությունը կանխատեսելի է եւ մշտապես հեռու է մնացել որեւէ արկածախնդրությունից: Մենք մշտապես հանդես ենք եկել բոլորի հետ դրական եւ փոխադարձ հարգանքի, վստահության ու շահի հիման վրա ստեղծված հարաբերություններ ձեւավորելու օգտին: Մենք երբեք չենք փորձել գործել մեծ տերություններին եւ կարեւոր աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունների դաշտում, չենք փորձել էժանագին ու կարճաժամկետ այսրոպեական օգուտ ստանալ այդ ուժերի հակասություններից:

Այժմ եկել է այս ամուր հիմքի վրա եւս մեկ քայլ առաջ կատարելու ժամանակը: Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը եւ բոլոր դիվանագիտական առաքելություններին նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին»,- ասել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ