News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


NEWS.am–ը սկսում է նոր նախագիծ` «Օրվա գլխավոր լուրերը` մեկ տողով»։ Ամեն օր երեկոյան NEWS.am–ն իր ընթերցողին կներկայացնի օրվա ընթացքում Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները` համառոտ տեսաշարով։

Մի քանի րոպեում Դուք կտեղեկանաք օրվա ամենակարեւոր քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, մարզական նորություններին։

Եթե ամբողջ օրվա ընթացքում չեք հասցրել հետեւել լրատվությանը, կամ ժամանակ չունեք լրահոսն ամբողջությամբ աչքի անցկացնելու, ապա վստահ եղեք, որ երեկոյան այս կարճ թողարկումը դիտելով` ոչ մի կարեւոր լուր բաց չեք թողնի։

Այսօրվա թողարկմանը`

Հանրապետականը հաղթեց։ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ընտրվեց Արման Թաթոյանը։ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստին ինտրիգը պահպանվեց մինչեւ վերջ։ Ջհանգիրյանը բոյկոտեց քվեարկությունը, Զարուհի Փոստանջյանը մեկնաբանեց` ՀԱԿ–ը, փաստորեն, նորից աջակցեց իշխանությանը։ Տիկին Փոստանջյանն ընդամենը երկու ձայնով զիջեց հաղթողին։ Մրցակցին նա պարկեշտ անձնավորություն անվանեց` նորմալ մարդ է, պարոն Լիսկա չի` ասաց Փոստանջյանը։ 

Գորիկ Հակոբյանն այսօր հրաժեշտ տվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին, որը զբաղեցնում էր վերջին 12 տարիներին։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի 35–ամյա Գեորգի Կուտոյանը։ Նա այսօր Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ ԱԱԾ շենք էր գնացել։  70–ամյա Հակոբյանն ազատվելուց անմիջապես հետո նոր պաշտոնի է նշանակվել` նախագահի խորհրդական: Կուտոյանը գլխավոր դատախազի տեղակալն էր։ 

Նոր տնօրենին ղեկավար կազմին ներկայացնելով` Սերժ Սարգսյանն ասել է` սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` մինչեւ 2018 թվականը իշխանության թեւերի լուրջ վերադասավորում է լինելու, պետական մարմինների լիազորությունների էական վերաբաշխում: Այս կարեւոր անցումային փուլում կարեւոր է, որ Ազգային անվտանգության ծառայությունը հուսալի եւ կայուն կառույց լինի։ 

Ավելի ուշ իր նստավայրում նախագահը ընդունել է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՅԴ–ի հետ կոալիցիայի առկախված հարցին Սերժ Սարգսյանն այդպես էլ վերջակետ չի դրել։ Նա իր ծրագրային ելույթում միայն նշել է, որ սահմանադրական փոփոխություններով ապահովվում են բոլոր քաղաքական ուժերի հավասար հնարավորությունները։ 

Սահմանին իրավիճակը լարվել է։ Գիշերը հակառակորդը կրակել է ականանետերից ու նռնականետերից։ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում դիպուկահարի կրակոցից զոհվել է 54–ամյա տղամարդ։ Նա ոչխարներին արածեցնելու էր տարել։ Սեյրան Օհանյանն այսօր գնացել է Արցախ, այցելել առաջնագիծ։ 

Աչքերը լցված էին, ուզում էր լաց լինել։ Պերմյակովը սահմանին ձերբակալվելիս այսպիսի տպավորություն է թողել սահմանապահի վրա։ Դատարանում նա պատմեց` հարցրեցինք` դու ես սպանել Ավետիսյաններին, ասաց` ոչինչ չեմ արել։ Հայ փաստաբանների հարցերի տարափի տակ վկաների պատասխաններից պարզ է դառնում, որ սահմանապահները Պերմյակովին փնտրել են առանց հայկական կողմին տեղյակ պահելու։ Եթե միասին փնտրեին ու գտնեին` այսօր Պերմյակովը կարող էր հայ իրավապահների մոտ լինել։ 

Գյումրու ռուսական ռազմաբազայի նպատակը ոչ թե Թուրքիայի բանակին հակազդելն է, այլ տարածաշրջանում անվտանգությանը նպաստելը։ Բայց եթե կարիք լինի, ռազմաբազան ունակ է Թուրքիային հակազդելու` ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։  

Մալաթիա տոնավաճառում սպանված Հեղինեի քրոջ նյարդերը տեղի են տվել դատարանում` 38–ամյա քրոջը սպանել են օրը ցերեկով, բոլորի աչքի առջեւ։ Վկաները տեսել են` ինչպես է նախկին ամուսինը նրան դանակի 30 հարված  հասցրել։ Հարազատներն ուզում են նրան օր առաջ պատժված տեսնել։ Իսկ դատական նիստն արդեն երկու անգամ հետաձգվում է։ 

Կես միլիոն դրամ տուգանք` սահմանադրական հանրաքվեին կրկնակի քվեարկելու փորձի համար։ Դատարանը հրապարակեց ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողի գործով վճիռը։ 19–ամյա Գեւորգը հենց սկզբից ընդունել էր իր մեղավորությունը։ 

Անցյալ տարի մասնավոր դրամական փոխանցումները Հայաստան կրճատվել են 520 միլիոն դոլարով եւ կազմել 1. 21 մլդ դոլար։ Սա վերջին հինգ տարիների ամենացածր ցուցանիշն է, ինչը պայմանավորված է Ռուսաստանի ճգնաժամի ֆոնին այդ երկրից փոխանցումների կրճատումով։ Չնայած դրան` կատարված փոխանցումների առյուծի բաժինը` դարձյալ Ռուսաստանից է` 76 տոկոս։ 

Շենգեն գոտու գործունեությունը լուրջ սպառնալիքի տակ է` Հունաստանի անպաշտպան սահմանների պատճառով։ Եվրամիության խորհուրդը երեք ամիս է տվել Հունաստանին` Շենգեն գոտու համաձայնագրի խախտումները վերացնելու համար։ l

Յուրա Մովսիսյանը կարմիր քարտ է ստացել «Ռեալ Սոլթ Լեյքի» եւ «Պորտլենդ Թիմբերսի» ստուգողական հանդիպման առաջին խաղակեսում։  «Պորտլենդի» ֆուտբոլիստը կոպիտ էր խաղացել, Մովսիսյանն էլ հրել էր նրան։ 

Փետրվարի 13-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում ցերեկը կլինի մինչեւ ութ աստիճան տաքություն։ Ջերմաստիճանը գնալով կբարձրանա։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ