Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը իր աջակցությունն է հայտնում եւ ողջունում է ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինի եւ Սերգեյ Օբուխովի՝ 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ կնքած բարեկամության եւ եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը խզելու առաջարկը: Համակարգող խորհուրդը դիմել է նախագահին, վարչապետին, Դաշնության խորհրդին, Պետդումայի նախագահին, ՌԴ արտգործնախարարին:
«Առաջարկը ճիշտ է եւ արտակարգ կարեւոր. Մոսկվայի պայմանագիրը ի սկզբանե Ռուսաստանի համար շահավետ չէր, քանի որ նախատեսում էր փաստացի պարտված կողմին հանձնել ռուս զինվորի արյունով գրաված հողերը: Պայմանագիրը ստորագրվել էր Հայաստանի պատվիրակության բացակայության պարագայում այն դեպքում, երբ նրանց հողերը հանձնում էին մի պետության, որը դրանից առաջ ջարդի էր ենթարկել իր 3 մլն քրիստոնյա քաղաքացիներին, որոնց կեսը հայեր էին:
Քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչելու ցանկության բացակայությունը, ֆաշիստական Գերմանիայի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմում համագործակցելը, ՆԱՏՕ-ին անդամակցելը, Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան, քրդերի դեմ ռազմական գործողությունները, Չեչնիայի դեպքերի ժամանակ անջատողականներին աջակցելն ու արմատական ուկրաինական ուժերին օժանդակելը, ինչպես նաեւ Ղրիմի իրադարձությունների ժամանակ տեղի ազգայնականներին օգնելը խոսում են այդ պետության մշտական ֆաշիստական եւ ցեղասպան բնույթի եւ հակառուսական ուղղվածության մասին: Եվ Սիրիայում թուրքական ուժերի գործողությունները, որոնց ընթացքում խոցվել էր ռուսական օդանավը, դրա վառ օրինակն է:
Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը պետք է ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկի Թուրքիայի նվաճողական քաղաքականությանը պատասխանելու համար: Եվ 1921թ. Մոսկվայի պայմանագրի խզումը այդ միջոցներից մեկը կլիներ: Դա կծառայի Ռուսաստանի եւ այն ժողովուրդների շահերին, որոնք տուժել են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունից: Հայերը, հույները, ասորիները, եզդիները, Բալկանյան երկրների սլավոնները, արաբները, քրդերը եւ մյուսները սպասում են իրենց պատմական իրավունքենրի վերականգնմանը եւ անկասկած պատրաստ կլինեն օգնություն ցուցաբերել Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի քաղաքականությանը»,- ասված է հայտարարության մեջ: