News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը առանց քննության է թողել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի բողոքը, որով ինքը պահանջում էր բեկանել առաջին ատյանի` հունվարի 15-ին իրեն տուժող ճանաչելու դիմումը առանց քննության թողնելու մասին եւ կայացնել նոր դատական ակտ քրեական գործով իրեն տուժող ճանաչելու մասին:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, ուստի Վարդան Հարությունյանի եւ նրա ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության:

«Միաժամանակ, հակառակ մոտեցման պարագայում, եթե պայմանականորեն ընդունենք, որ Վարդան Հարությունյանի եւ նրա ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունվի եւ այն բավարարվի, ապա նման որոշման կայացումը դատավարական որեւէ հետեւանք եւ ընթացակարգ չի կարող առաջացնել, քանի որ սույն քրեական գործով դատական քննությունն ավարտվել է եւ կայացվել է վերջնական դատական ակտ»,- ասված է դատարանի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀԱԿ վստահված անձ Վարդան Հարությունյանին կաշառելու փորձի համար մեղադրվող` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակից, թիվ 9/2 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2016թ. հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 3 տարվա ազատազրկման` պատիժը պայմանականորեն չկիրառելով, սահմանելով երկու տարի ժամկետով փորձաշրջան: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀԱԿ վստահված անձ Վարդան Հարությունյանին որպես կաշառք առաջարկած 100 հազար դրամը Զավեն Միրիջանյանից բռնագանձվել է:

Տպել
Ամենաշատ