News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Տեառնընդառաջի տոնը: Այս տարի Տեառնընդառաջը համընկել էր Մեծ Պահքի երկրորդ շաբաթվա` Արտաքսման կիրակիի հետ:

Օրվա առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ եւ անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ.  Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Հայր Սուրբն իր քարոզում հանգամանորեն անդրադարձավ Տեառնընդառաջի խորհրդին եւ քրիստոնյաների կյանքում այս տերունի տոնի կարեւորությունը:

«…Ավետարանական այսօրվա դրվագում մենք հանդիպում ենք նաեւ հայկական ավանդական ընկալմանը հարազատ ընտանիքի մի պատկեր, որը Հովսեփն ու Մարիամն են: Նրանք, վերցնելով իրենց մանկանը` Մանուկ Հիսուսին, եկան տաճար` իրենց հետ բերելով մեկ զույգ տատրակ եւ աղավնու երկու ձագեր: Ընտանիքի այս օրինակը ուսուցանելի է մեր օրերում եւս: Հատկապես այն նորապսակ զույգերի համար, ովքեր պատրաստվում են փոխադարձ սիրով եւ ամուր վստահությամբ կառուցել ընտանեկան իրենց հարկը:

Ընտանեկան հարկը մի փոքրիկ եկեղեցի է, որտեղ տղամարդը սյունն է, իսկ կինը` եկեղեցու պաշտոնյան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այս օրը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր՝ այն հույսով ու համոզումով, որ նորակազմ ընտանիքները, ստանալով Աստուծո օրհնությունը, Հովսեփի եւ Մարիամի օրինակով ամուր շաղախված սիրով եւ վստահությամբ կկառուցեն իրենց ամրոցը` հավատարիմ մնալով հայրենավանդ մեր սրբություններին եւ նվիրագործված ավանդույթներին», - ասաց նա:

Դիմելով նորապսակներին` Հայր Սուրբը հավելեց. «Այս օրը Հովսեփն ու Մարիամն իրենց հետ տաճար էին բերել ոչ թե նոխազ, զվարակ, որ բերում էին մեծահարուստները, այլ պարզ ու վայելուչ ընծաներ էին բերել, որոնցից տատրակը խորհրդանշում է ողջախոհություն եւ հավատարմություն, իսկ աղավնին` հանդարտություն եւ հեզություն: Տատրակը բացառիկ կերպով հավատարիմ է իր կողակցին, իսկ աղավնին հոգ է տանում ոչ միայն իր, այլեւ այլոց ձագերին»:

Վերջում Հայր Պարթեւը մաղթեց, որ այս առաքինությունները բոլոր նորապսակների կյանքից անպակաս լինեն եւ իրենց ողջախոհությամբ, հավատարմությամբ ու հեզությամբ նրանք լինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակները:

Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Նորին Սրբության, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ, որին մասնակցեցին նաեւ նորապսակ միաբան սարկավագները:

Տպել
Ամենաշատ