News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԱԾ կողմից վնասազերծված «Զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:

«Դատարանը հաշվի չառավ նաեւ Քրեակատարողական վարչությունից իմ ներկայացրած փաստաթուղթն այն մասին, որ Վահան Շիրխանյանը պետք է ենթարկվի հետազոտության: Բացի դրանից, ես միջնորդեցի կալավորումը գրավով փոխարինել, սակայն դա էլ մերժեց եւ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը` կալանքը երկարաձգելու մասին»,- ասաց Ստեփան Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Տպել
Ամենաշատ