News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է նյութեր հրապարակել 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց  ցեղասպանությանը նվիրված «Վերապրածները» նախագծի շրջանակում:

«Վերապրածներն» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է, փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածներն» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը:

«Վերապրածները» 107-ամյա Հերիքնազ Մուրադյանն է։

Ամեն մարդ ինչ-որ բանից վախենում է: Որոշ վախեր հաջողվում է հաղթահարել, իսկ որոշները հետապնդում են մինչեւ խոր ծերություն: Ինչպես դա տեղի է ունեցել Մուշի շրջանի Դուղնուկ գյուղում ծնված Հերիքնազ Մուրադյանի հետ:

- Ավելի քան հարյուր տարի է անցել, բայց մինչեւ հիմա վախենում է ջրից,- պատմում է Նելլին՝ Հերիքնազ տատի ավագ թոռ Նորիկի կինը (ֆոտոռեպորտաժ):

Դեպքը տեղի է ունեցել 1915 թվականին: Դուղնուկ գյուղ են հասնում հարեւան քաղաքներում եւ գյուղերում հայերի հանդեպ թուրքերի վայրագությունների մասին լուրերը:

Երկար մտորումներից հետո Բարեղամ Ավդալյանը որոշում է թողնել հայրենի օջախն ու վտանգավոր ճամփորդության մեկնել: Կնոջ՝ Զլֆեի հետ կարճ զրույցից հետո կարգադրում է հագցնել դուստրերին՝ 7-ամյա Նիգյարին եւ 6-ամյա Հերիքնազին ու ճանապարհի ուտելիք վերցնել:

- Նրանք ազգականների հետ գիշերով փախչում են,- շարունակում է Նելլին:- Ամեն ինչ թողնում են՝ իրենց հետ վերցնելով միայն փոքրիկ մի խաչքար:

Բարեղամ եւ Զլֆե 

Ճանապարհին պետք է Արաքս գետով անցնեին: Հերիքնազը նստած էր զարմիկի՝ Սմբատի ուսերին՝ մազերից ամուր բռնած:

- Տատիկը պատմում էր, որ սարսափելի վախեցել էր: Կարծել է՝ ջուրը կընկնի, եւ գետը կքշի իրեն:

Կողքին նստած Հերիքնազը հանկարծ մռայլվում եւ շրջում է երեսը: Ակնթարթորեն նրա ամբողջ մարմինը ցավ է արտահայտում:

- Տատիկը չի սիրում հիշել այդ պատմությունը,- բացատրում է Նելլին:

Ընտանիքի կյանքի նոր էջը սկսվում է Նաիրիի շրջանի Օզանլար գյուղում: Ժամանակի ընթացքում Ավդալյանները փոքրիկ տուն են կառուցում, բանջարանոց ստեղծում, անասուն պահում: Սենյակներից մեկի անկյունում էլ դնում են իրենց հետ բերած խաչքարը՝ նախնիների հողի մասին միակ հիշողությունը:

Տարիների ընթացքում ընտանիքը համալրվում է նոր անդամներով: Մեկը մյուսի հետեւից ծնվում են Նվարդը, Անուշավանն ու Վարազդատը:

Օզանլարում (հետեւում տունն է, որտեղ մինչեւ հիմա պահվում է խաչքարը)

1930-ական թվականներին Հերիքնազն ամուսնանում է Գարեգին Մուրադյանի հետ: Որպես օժիտ Զլֆեն աղջկան քարե հավանգ է նվիրում, որը մինչեւ հիմա պահում են ընտանիքում:

- Տատիկն այն օգտագործում էր ձավարեղենը մանրացնելու համար: Ընդհանրապես, նա լավ տանտիրուհի է եղել: Հրաշալի ղավուրմա, հարիսա, խաշ էր պատրաստում: Հարսանիքներից մեկի ժամանակ 300 հոգու համար խաշ է պատրաստել:

Մուրադյանների ընտանիքի առաջնեկը՝ Մայիսը, ծնվում է 1933 թվականի մայիսի 1-ին: Նրանից հետո 5 աղջիկ է ծնվում՝ Ամալյան, Ռոզան, Հռիփսիմեն, Նազիկն ու Թամարան:

1942 թվականին Գերագինը գյուղի այլ տղամարդկանց հետ ռազմաճակատ է մեկնում: Այդ ժամանակ Հերիքնազը հղի էր Հռիփսիմեով: Դստեր ծննդի մասին Գերագինն իմանում է նամակով, բայց կարողանում է նրան տեսնել միայն 6 տարի անց, երբ 1948 թվականին փախչում է գերությունից:

Մայիսը՝ երեխաների հետ

Բարեղամ Ավդալյանը վախճանվում է 1960-ական թվականներին, Զլֆեն՝ 1979-ին: Երկուսն էլ թաղված են Օզանլարում: Կյանքից հեռանում են նաեւ Հերիքնազի եղբայրներն ու քույրերը:

1969-ին մահանում է Գարեգինը:

Հերիքնազը, ձախից՝ Գարեգինը

- Միայն ես մնացի, բոլորը հեռացան,- անսպասելիորեն խոսակցությանն է միանում Հերիքնազը, զգուշորեն սեղանից վերցնում է լուսանկարը, քնքշորեն նայում եւ նորից դնում մյուսների վրա:

Նելլիի խոսքով, Հերիքնազ տատը խիստ սկզբունքներով կին է:

- Ինձ միշտ ասում էր. «Երբ ինչ-որ բան ես անում, շրջվիր, տես արածդ գործը: Եթե քեզ դուր գա, նշանակում է՝ դուր կգա նաեւ ուրիշներին: Եթե ոչ, նշանակում է՝ ոչ ոքի դուր չի գա»:

Մինչեւ վերջերս, ըստ Նելլիի, Հերիքնազն ակտիվ կենսակերպ էր վարում: Բոլորն են հիշում, թե ինչպես էր քոչարի պարում թոռան՝ Նորիկի 60-ամյակին:

Այսօր տատին հոգատարությամբ եւ ուշադրությամբ են շրջապատում նրա թոռներն ու ծոռները:

- Բոլորին անունով հիշո՞ւմ ես,- դիմում եմ Հերիքնազ տատին:

- Ո՛չ, բայց բոլորին սիրում եմ: Տես՝ ինչ սիրուն են,- ասում է տատն ու հավելում,- Աստված նրանց առողջություն եւ խաղաղ երկինք պարգեւի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ