News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է նյութեր հրապարակել 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը նվիրված «Վերապրածները» նախագծի շրջանակում:

«Վերապրածներն» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է, փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածներն» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը:

«Վերապրածները» 101-ամյա Օվսաննա Միրխանյանն է:

Օվսաննա Միրխանյանի անձնագրում զարմանալի ծննդյան ամսաթիվ է նշված. «XX.XX.1915»: 

- Չգիտեմ՝ որ ամսվա որ օրն եմ ծնվել,- ամոթխած ժպտում է նա՝ ձեռքի ափով ուղղելով ոտքերը ծածկող բաց ժակետը։ (ֆոտոռեպորտաժ):

Փոքրամարմին, կոկիկ, գլխին փաթաթած շալով՝ Օվսաննա Միրխանյանը Լենուղի գյուղի ամենատարեց բնակչուհին է:

- Մենք Կարապետի հետ այստեղ եկանք 1965 թվականին,- պատմում է Օվսաննա տատը:- Սիլվա՛, բե՛ր նկարը, ցույց տամ:

Սիլվան տատի թոռներից մեկի կինն է: Այսօր կանայք միասին են ապրում՝ միմյանց օգնելով ե՛ւ գործով, ե՛ւ խորհրդով:

- Ահա իմ Կարապետը: Բաթումում ենք լուսանկարվել, երբ Արեւելյան Հայաստան էինք գալիս:

Կարապետն ու Օվսաննան ծանոթացել եւ ամուսնացել են Սիրիայում, 1930-ական թվականներին՝ իրենց կյանքում տեղի ունեցած սարսափելի իրադարձություններից բազմաթիվ տարիներ անց:

Օվսաննան ծնվել է 1915 թվականին, Ստամբուլում:

- Ծնողներիս չեմ հիշում: Ինձ մեծացրել են Հակոբ պապս ու Մարիամ տատս: Ամուսնությունից առաջ կրում էի պապիս ազգանունը՝ Գեւորգյան,- պատմում է Օվսաննան:

Նրա խոսքով, ինքն ընտանիքի միակ երեխան էր: Ծանր հիվանդությունից հետո մոր՝ Խաթունի մահից հետո տատն ու պապը փոքրիկին իրենց տուն են տանում: Հայրը՝ Սիմոնը, երկրորդ անգամ է ամուսնանում:

- Ես 5 տարեկան էի: Մի օր պապս բռնեց ձեռքս, արագորեն տարավ բոստան ու թաքցրեց այնտեղ: Ինձ ասաց. «Սո՛ւս նստիր: Ինչ էլ լինի՝ դուրս չգաս այստեղից: Սպասի՛ր, ես կգամ քո հետեւից»: Այդ ժամանակ կարծում էի՝ պապիկը հետս խաղում է:

Մի քանի րոպե անց զինված թուրքերը ներխուժում են Գեւորգյանների տուն: Սկսում են կոտրել սենյակների դռները, կահույքը, ջարդում են ձեռքի տակ ընկած ամեն ինչ:

- Պապս հետո պատմում էր, որ քրդերենով հարցրել է նրանց. «Ի՞նչ է պատահել: Ու՞մ եք փնտրում»: Թուրքերը կարծում են՝ քրդերի տուն են մտել, եւ հեռանում են:

Մթնշաղի հետ Գեւորգյանները հեռանում են տնից:

- Պապս ինձ ուսերին դրած էր տանում: Ես կաղում էի, չէի կարողանում երկար քայլել,- հիշում է Օվսաննան:

Տատը պատմում է, որ 3-4 տարեկանում կոտրել է ոտքը, սակայն ծնողները պատշաճ ուշադրություն չեն դարձնում, եւ ոսկորը սխալ է աճում:

- Այդպես էլ ամբողջ կյանքում կաղ մնացի:

Սիրիական հող ոտք են դնում ուշ գիշերին, շարունակում է տատը։ Գյուղից գյուղ անցնելով, հանգրվանելով այս կամ այն արաբ ընտանիքում՝ հասնում են Հալեպ։ Այնտեղ էլ բնակություն են հաստատում:

-Մի անգամ Կարապետը մեզ հյուր եկավ: Սեղանի շուրջ նստած՝ ասաց, որ պատրաստվում է Ստամբուլ վերադառնալ: Տատիկս ու պապիկս սկսեցին համոզել. «Այնտեղ  քեզ կսպանեն»:

Մի անգամ նա արդեն կարողացել էր խուսափել մահից:

Ստամբուլի խաղաղ մի գիշեր թուրք զինվորները մտել են նրա հայրական տուն եւ տարել ծնողներին, եղբորը եւ քրոջը։ Կարապետը հասցրել էր պատուհանով փախչել հարեւանի տուն։

-Այնտեղ քրդեր էին ապրում։ Նրանք էլ թաքցրել էին նրան,- ասում է տատը։

Թե ինչ է լինում ընտանիքի հետ, Կարապետն այդպես էլ չի իմանում։ Որոշ ժամանակ քրդերի տանն է ապրում, իսկ հետո Սիրիա է փախչում: Գեւորգյանների մասին նա պատահաբար է իմանում, ծանոթ հայերի միջոցով:

- Պապիկս նրան համոզեց Հալեպում մնալ. «Քեզ Օվսաննայի հետ կամուսնացնենք, ընտանիք կկազմեք»,- շարունակում է տատը։

Շքեղ հարսանիք չեղավ, հավելում է նա։ Տոնական սեղան գցեցին եւ սկսեցին ապրել միասին։

1965թ. Օվսաննան եւ Կարապետը որոշում են տեղափոխվել Արեւելյան Հայաստան։ Բաթումում արված լուսանկարը այդ ժամանակների միակ հուշն է։

Հայտնվելով Հայաստանում՝ նրանք անմիջապես հաստատվում են Լենուղի գյուղում եւ այլեւս ոչ մի տեղ չեն գնում։

Օվսաննան ու Կարապետը 5 երեխա են ունենում։ Ընտանիքը աստիճանաբար ամրացել է եւ մեծացել։ Այսօր տատիկը շրջապատված է բազմաթիվ թոռներով եւ ծոռներով։ Միայն Կարապետն այլեւս նրա կողքին չէ։

- Իսկ ի՞նչ եղավ տատիկի եւ պապիկի հետ,- հարցնում եմ ես տան դարպասների մոտ։

- Նրանք թաղված են Սիրիայում,- պատասխանում է Օվսաննան, մտածում եւ ավելացնում,- այդպես էլ չկարողացան համակերպվել տունն ու հայրենիքը կորցնելու մտքի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ