News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոտ կես տարի ֆուտբոլասերները սպասում էին Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հերթական ընկերական խաղին, սակայն որքանո՞վ այս հանդիպումը տվեց շատերիս հուզող հարցերի պատասխանը: Հավաքականն այսօր ունի նոր մարզիչ, նոր ֆուտբոլիստներ եւ շատ խնդիրներ:

Հայկական ֆուտբոլի շուրջ վերջին աղմուկը առաջին հերթին կապված է ազգային հավաքականի խաղերի հետ: Հավաքականը վերջին հաղթանակը տոնել է 2014-ի մայիսին ԱՄԷ-ի նկատմամբ: Վերջին անգամ թիմը գոլի հեղինակ է դարձել անցյալ տարվա հունիսին: Բնական է երկրպագուների դժգոհությունը: Դեռ չենք խոսում ազգային առաջնության մակարդակի մասին, որտեղ մնացել է յոթ թիմ, որոնցից մի քանիսը հազիվ են պահպանում իրենց գոյությունը:

Եթե թիմերի հարցում ինչ-որ տեղ մեղքը կարելի է գցել երկրի տնտեսական վիճակի եւ այլ բաների վրա, ապա ազգային հավաքականի հարցում մենք տեսանք, որ հնարավոր է ունենալ արդյունքներ, եթե լինեն որոշակի նախադրյալներ:

Եվրո-2012-ի ընտրական փուլը բավականին հաջող անցկացրած Հայաստանի ազգային հավաքականը ունեցավ հիանալի խաղեր ԱԱ 2014-ի ընտրական փուլում եւս: Այնտեղ ինչ-որ բան չհերիքեց եւ զգացվեց, որ մյուս ընտրափուլին նոր շունչ է պետք:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չցանկացավ շարունակել աշխատանքը հավաքականի հետ: Նրա փոխարեն արտերկրից պետք է մարզիչ բերեին: Մոտ կես տարի ֆուտբոլասեր հասարակությունը գուշակում էր նոր մարզչի անունը, երազներում տեսնելով անգամ Մարչելո Լիպիին, ով այդ պահին աշխատանք չուներ: Եկավ շվեյցարացի Բերնար Շալանդը, ում մասին, վստահ եմ, մինչեւ այդ ոչ ոք չէր լսել: Նրան չհաջողվեց թիմի հետ հասնել արդյունքների, եւ նա հեռացվեց: Շալանդին փոխարինեց Փյունիկի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, ինչը, բնական է, ցանկալի լուր չէր երկրպագուների համար: Բայց քանի որ Հովսեփյանը ժամանակավոր պաշտոնակատար էր, իսկ մրցափուլը՝ տանուլ տված, միակ ճանապարհը սպասելն էր:

Աշնանը պարզ դարձավ, որ ազգային հավաքականը գլխավորելու է «Արարատ» ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որն արդեն մեկ անգամ 2000-ին ստանձնել էր թիմի առաջնորդումը: Այն ժամանակ ազգային հավաքականը խմբում գրավեց վերջին տեղը՝ այդպես էլ չտոնելով ոչ մի հաղթանակ պաշտոնական խաղերում: Տարիների անց նա ղեկավարեց երիտասարդական հավաքականը: Կրկին անարդյունք:

Այժմ Վարուժան Սուքիասյանին կրկին նշանակել են ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Զավեշտալին այն է, որ տարիներ առաջ Վարուժան Սուքիասյանը մեղադրել էր Ռոման Բերեզովսկուն ուկրաինացիներին խաղը վաճառելու մեջ: Սուքիասյանի առաջին խաղը համընկավ հենց Բերեզովսկու հրաժեշտի խաղի հետ: Բերեզովսկուն մեղադրելուց հետո, տարիներ անց արդեն Սուքիասյան ազգանունն էր պտտվում վաճառված խաղերի հետ կապված, երբ Հայաստանը պարտվեց հույներին:

Անհասկանալի թվաց, թե ինչու Ռոման Բերեզովսկու խաղը կազմակերպվեց հենց մարտի 25-ին, երբ նա իր հեռանալու մասին հայտնել էր դեռեւս նախորդ տարվա հունիսին: Դրանից հետո մենք ունեցել էինք երկու տնային հանդիպում: Բելառուսների հետ խաղից առաջ արդեն տիրում էր ոչ առողջ մթնոլորտ: Ազգային հավաքականից հեռացվել էին նրա առաջատար ֆուտբոլիստները: Վարուժան Սուքիասյանի մեղադրանքներին, թե Բերեզովսկին վաճառել էր խաղը, ժամանակին անդրադարձել էր անգամ ՀՖՖ նախագահը: Եվ այս պարագայում պետք է  հեռանար հայկական ֆուտբոլի պատմության երեւի թե լավագույն դարպասապահը:

Բազմաթիվ բողոքներից հետո ընկերական խաղին մարզադաշտի տոմսերի գները իջեցվել էին՝ 2000 – 5000 դրամ, բայց մարզադաշտը կիսով չափ դատարկ էր: Խաղից մոտ տասն օր առաջ ես գնացի մարզադաշտի տոմսարկղ եւ փորձեցի տոմս գնել: Երբ ցանկացա երեք տոմս, վաճառողուհին ասաց՝ խնդիր չկա, երբ ցանկացա տասը տոմս, այստեղ արդեն խնդիր առաջացավ, իսկ հարավային տրիբունայում ընդհանրապես տոմս չէին վաճառում: Շատ տոսմեր էլ չէր լինում գնել: Մի օր ծրագիրն էր խախտված, մյուս օրն էլ պարզվեց, որ մարզադաշտի տոմսերի մեծ մասն ամրագրված են ինչ-որ ֆիրմաներից կողմից: Հետո պարզ դարձավ, որ ՖԱՖ ֆուտբոլային շարժման անդամներին տոմս վաճառելու խնդիրներ կան: Այդ պատճառով տոմսեր գնելն այդքան բարդ էր: Խաղի օրը պարզ դարձավ, որ այդ ֆիրմաները որոնք ամրագրել էին տոմսերը երեւի թե մտափոխվել եին: Հյուսիսային եւ հարավային տրիբունաները, ինչպես միշտ գրեթե դատարկ էին: Արեւմտյանում հիմնականում նստած էին հրավիրատոմսերով մարդիկ, իսկ դե արեւելյանն էլ միշտ մնում է նվիրյալ երկպագուների սիրելի վայրը: Թե որքանով էին էժանացել տոմսերը, բավական մեծ հարց է: Սա ոչ պաշտոնական խաղ էր, այն էլ առկա բազմաթիվ խնդիրներով:

Միակ պարտադրող բանը, իհարկե Բերեզովսկու հրաժեշտի խաղն էր: Սակայն որքան հասցրի լսել մոլի ֆուտբոլասերներին, որոնք տարիներ շարունակ մեկ խաղ բաց չեն թողել հավաքականի մասնակցությամբ, շատերն ասում էին՝ այսպիսի խաղով, այպիսի մթնոլորտում ո՞ւմ գնանք երկրպագենք: Իրականում, այս ամբողջ պատմության մեջ միակը, ում չի կարելի մեղադրել ոչ մի բանում, երկրպագուն է: Նա միակն է, ով ոչ ոքի ոչինչ պարտական չէ: Երկրպագուն իր գրպանից գումար է դնում: 90 րոպե գոռում, սատարում է եւ ցանկանում է տեսնել տարրական հարգանք իր հանդեպ, այլ ոչ թե ամեն անգամ լսել, որ երկրպագուի գործը միայն երկրպագել է: Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում ոչ մեկ անգամ ենք տեսել, թե ինչպես են երկրպագուների շնորհիվ փոխում թիմի մարզչին, նախագահին, ինչպես նաեւ տոմսերի գները: Դրա համար մեղադրել մարդկանց, որ չեն գնում մարզադաշտ, ամենից հեշտ գործն է: Թե որքան է իրեն սիրում ու գնահատում հայ ազգը, Բերեզովսկին վաղուց արդեն գիտի:

Բելառուսի հետ խաղը առաջին էր ազգային հավաքականի համար ալբանացիներին տանը պարտվելուց հետո: Արդեն պարզ է, որ ազգային հավաքակոնւմ այլեւս երբեք հանդես չեն գա նրա փոխ-ավագ Ռոբերտ Արզումանյանը, Հայաստանի անկախացումից ի վեր հայկական ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը՝ Յուրա Մովսիսյանը, դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Չէր հրավիրվել նաեւ Գեւորգ Ղազարյանը, ով սակայն իր թիմում խաղային պրակտիկայի խնդիր չունի: Կես տարի ազգային հավաքականին դավաճանելու մեջ մեղադրվելուց հետո, այդպես էլ փաստեր չստանալով՝ այս ֆուտբոլիստները պարզապես հեռացվեցին հավաքականից: Փաստեր չկային: Այս պահին եղած փաստերից է, որ նրանք պարտված խաղից հետո ծիծաղել են ավտոբուսում, կամ էլ չեն ցանկացել խաղալ Ֆրանսիայի հետ խաղում:

Բելառուսի հետ խաղը ցույց տվեց, որ պաշտպանութունում ունենք մեծ բացեր, այդ բացերը կային նաեւ Արզումանյանի ժամանակ: Բայց նրա փորձը շատ անգամ օգնում էր թիմին: Այժմ բելառուսների մեղծ ասած ոչ այդքան ուժեղ թիմի հետ մեր հավաքականը քանի անգամ սխալվեց հետեւի գծում: Հավաքականն այդպես էլ չկարողացավ դառնալ գոլի հեղինակ: Չհաշված մի քանի գոլային պահերը, առաջին գծում անելիքներ շատ չեղան: Կաղում էր փոխանցումերի ճշտությունը: Խաղից անհասկանալի էր՝ թիմը խաղում է կարճ փոխանցումների մարտավարությամբ, թե ավելի հեռահար: Չկար խաղային ձեռագիր: Միակ ուրախալի փաստը հենակետային գոտում գործող Մանոյան – Մալաքյան զույգի գրագետ խաղն էր:

Խաղից մի քանի շաբաթ առաջ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հարցազրույցում ասել էր, որ ոչ ոքի թույլ չի տա խառնվել իր գործերին, հակառակ դեպքում ինքը հրաժարական կտա: Խաղից առաջ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ասում է, որ խառնվելու է կազմը ընտրելու հարցերին, եւ որ ինքն է հրահանգ տվել հավաքական չհրավիրվել երեք ֆուտբոլիստներին: Հետխաղյա մամուլի ասուլիսին Վարուժան Սուքիասյանն ասում է, որ կազմը ինքը չի որոշում, այլ հրավիրում է այն ֆուտբոլիստներին, ովքեր պատրաստ են: Այստեղից հարց է առաջանում, ինչի՞ համար է ազգային հավաքականին պետք մարզիչը: Եվ գուցե հենց սա է պատճառը, որ դրսից բարձրակարգ մարզիչ չի հրավիրվում: Բերնար Շալանդը այն բարձրակարգ մարզիչը չէր, ով կարող էր նոր թիմ ստեղծել: Իսկ տեղացի մարզիչները իրենց գլխից բարձ չեն ցատկի: Վարդան Մինասյանը վերադառնալ չի ցանկանում: Իսկ Աբրահամ Խաշմանյանին, չնայած իր ցույց տված բոլոր արդյունքներին, հավաքականի ղեկը չեն վստահում:

Այս ամենից հետո  ֆուտբոլասերների դժգոհությունը չհասկանալը եւ նրանց մեղադրելը պարզապես զարմանալի է: Մարզիչներն ու ղեկավարները կգան ու կգնան, իսկ ազգային հավաքականը հավերժ կմնա արժեք: 25 տարվա հիասթափություններից ու ձախողումներից հետո մի լույս էր ծագել: Հայկական ֆուտբոլով ապրող ամեն հայի համար ազգային հավաքականի հաջողությունները ամենից մեծ երջանկությունն են: Իսկ այսպիսի պայմաններում ու զարգացումներով դժվար է պատկերացնել լուսավոր ապագա:

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ