News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանտարկում է իր բոլոր քննադատներին: Այս մասին գրել է «The Washington Post» պարբերականը:

Ըստ հոդվածի հեղինակի, համաշխարհային որոշ ավտոկրատներ հավաքվել էին Վաշինգտոնում՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին: «Մարդիկ, ովքեր իրենց քննադատներին բանտերն են նետել եւ քանդել իրենց քաղաքացիական հասարակությունը, Օբամայի վարչակազմի կողմից հարգալից ընդունելության արժանացան: Նրանք ամենավատ վերաբերմունքի են արժանի»,- նշված է հոդվածում:

Այդպիսին է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Նա գագաթաժողովից առաջ մի քանիսին ազատ արձակեց, սակայն լրագրող Հադիջա Իսմայիլովան դեռեւս ճաղերի հետեւում է՝ առանց որեւէ լուրջ պատճառի, իսկ Լեյլա եւ Արիֆ Յունուսովներին արգելված է հեռանալ երկրից: Երբ պետքարտուղար Ջոն Քերրին Ալիեւի հետ դահլիճ մտավ, իր հյուրին գովաբանեց՝ որպես բարդ տարածաշրջանում «շատ ջանասեր եւ մտածող» առաջնորդի: Քերրին եւ Ալիեւը խոսեցին էներգետիկայի, Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի հետ հակամարտության եւ Աֆղանստանում Ադրբեջանի դերի մասին: Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների թեմաներին նրանք չանդրադարձան»,- ընդգծել է ամերիկյան պարբերականը:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն էլ, շարունակում է հեղինակը, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը «ողջունեց իրավապաշտպանների ազատ արձակումը՝ կոչ անելով շարունակել առաջընթացը, ինչն ընդգծում է քաղաքացիական հասարակության եւ իրավական պետության կարեւորությունը»: «Դա հարգալից, ցանկալի մոտեցում է: Բայց իրականում Ալիեւը չի հարգում քաղաքացիական հասարակությունը կամ օրենքի գերակայությունը: Մի՞թե այդքան դժվար էր Հադիջա Իսմայիլովայի մասին խոսել հանրային վայրում»,- հարցադրում է կատարում հեղինակը:

Հոդվածի համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես իր քննադատներին լռեցնելու պրակտիկա է կիրառում, այդ թվում՝ լրագրողների հասցեին մեղադրանքների եւ մշտական ճնշումների օգնությամբ: «Նախկինում Բայդենը հանդես էր գալիս Թուրքիայում մամուլի նկատմամբ ճնշումների դեմ, բայց այդ մասին St. Regis Hotel-ում Էրդողանի հետ հանդիպումից հետո Սպիտակ տան արած հայտարարությունում չհիշատակվեց: Էրդողանի հետ Օբամայի հանդիպման վերաբերյալ Սպիտակ տան հաղորդագրությունում նույնպես համապատասխան հայտարարություն չեղավ: Ապրիլի 1-ին ավարտված գագաթաժողովից հետո Օբաման ասաց, որ Էրդողանին նախազգուշացում է արել «տեղեկատվական ռեպրեսիաների եւ ժողովրդավարական բանավեճերի արգելքի» հետ կապված»,- գրել է «The Washington Post»-ի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ